Կորոնավիրուսի համավարակի ընթացքում սեքսը կարող է դժվար լինել, ուստի ավելի լավ է չհամբուրվել եւ, հնարավոր է, դիմակ կրել՝ Covid-19-ի տարածումը կանխելու համար, հաղորդում է CNN-ը:

Կանադայի Հանրային առողջապահության գործակալության գլխավոր մասնագետ, դոկտոր Թերեզա Թեմը հանդես է եկել հրապարակային հայտարարությամբ այն մասին, թե ինչպես պաշտպանվել վիրուսից սեռական ակտի ժամանակ: «Սեռական առողջությունը մեր ընդհանուր առողջության կարեւոր մասն է: Սակայն Covid-19-ի ժամանակ սեքսը կարող է դժվար լինել»,- ասվում է հայտարարության մեջ:

Կանադացիներին, ովքեր որոշել են սեռական կապի մեջ մտնել, նա ռիսկը նվազեցնելու մի շարք քայլեր է առաջարկում:

Թեմի խոսքերով՝ սկզբում պետք է վստահելի հարաբերություններ հաստատել, եւ գործընկերները պետք է մտածեն քիթը եւ բերանը ծածկող դիմակի օգտագործման մասին: «Ընթացիկ տվյալները ցույց են տալիս սերմնահեղուկի կամ հեշտոցային հեղուկների միջոցով նոր կորոնավիրուսով վարակելու շատ ցածր հավանականություն: Այնուամենայնիվ, նույնիսկ եթե ներգրավված անձինք չունեն ախտանիշներ, նոր զուգընկերների հետ սեռական ակտիվությունը մեծացնում է վարակվելու կամ Covid-19-ի փոխանցման վտանգը այնպիսի սերտ շփման միջոցով, ինչպիսին է համբույրը»:

Հայտարարության մեջ ասվում է, որ սեքսից պետք է խուսափել, եթե զուգընկերը Covid-19-ի ախտանիշներ ունի։ Նաեւ առաջարկվում է «սահմանափակել ալկոհոլի եւ այլ նյութերի օգտագործումը, որպեսզի դուք եւ ձեր զուգընկեր(ներ)ը կարողանաք անվտանգ որոշումներ կայացնել»:

«Այս նախազգուշական միջոցները ձեռնարկելով եւ գիտակցելով ռիսկերը՝ կանադացիները կարող են վայելել ֆիզիկական մտերմությունը՝ միեւնույն ժամանակ պահպանելով այն առաջընթացը, որին մենք բոլորս հասել ենք Covid-19-ի դեմ պայքարում»,- ասում է դոկտոր Թեմը:

Հանրային առողջության գործակալության տվյալներով՝ Կանադայում գրանցված է Covid-19-ի ավելի քան 129 000 դեպք, այդ թվում՝ 9135 մահ։