ԵՄ անդամ երկրները նախօրեին գաղտնի խորհրդակցություններ են սկսել պատմության մեջ առաջին անգամ ԵՄ նախագահի թեկնածությանը: Ինչպես հայտնի է դարձել, այդ պաշտոնում ֆավորիտը առաջվա նման Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերն է: Առաջին անգամ անցած տարի Բլերի թեկնածությունն առաջադրել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին: Դրանից հետո Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան պայմանավորվեցին չպաշտպանել նրա թեկնածությունը, սակայն արդեն աշնան սկզբին հայտնի դարձավ, որ Ֆրանսիան վերադարձել է իր հին տեսակետին եւ նրա շանսերը բավականին բարձրացել են: Հաղորդում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը:
Միաժամանակ եվրոպական լրատվամիջոցները, կասկած են հայտնում, որ Բլերը կդառնա ԵՄ նախագահ: The Financial Times թերթի տվյալներով, Բլերի թեկնածության դեմ են հանդես գալիս Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, իսկ առանց նրա հավանության, ոչ մի թեկնածություն չի անցնի: Ի դեպ, իրեն` Մերկելին նույնպես թեկնածուների շարքում առաջադրողներ կան:
ԵՄ նախագահը, որը պետք է ընտրվի եվրոպական առաջնորդների կողմից 2,5 տարի ժամանակով, նախատեսված է լիսաբոնյան պայմանագրով: Ըստ այդ համաձայնագրի, արդեն 2010 թվականի սկզբին ԵՄ նախագահը փոխարինելու է կես տարին մեկ փոփոխվող ԵՄ նախագահությանը: Համաձայնագիրը չի նախատեսում ԵՄ նախագահի կոնկրետ պարտականությունները: Ամենայն հավանականությամբ, դրանք պետք է որոշվեն ԵՄ նախագահի գործունեության ընթացքում:
ԵՄ նախագահի պաշտոնում միասնական թեկնածուի հարցում կոնսենսուսի որոնման հարցը արտակարգ կարգով բարձրացվել է այն բանից հետո, երբ Իռլանդիայում կրկնակի հանրաքվեի արդյունքում բնակչությունը կողմ արտահայտվեց լիսաբոնյան պայմանագրին: Դեռեւս փաստաթուղթը չեն ստորագրել Լեհաստանի եւ Չեխիայի գործադիր իշխանության ղեկավարները, սակայն սպասվում է, որ ԵՄ-ի նոր պայմանագիրը ուժի մեջ կմտնի 2010-ի հունվարի 1-ից:
Բրիտանական թերթը նշում է, որ ԵՄ նախագահի պաշտոնի համար մյուս հավանական թեկնածուներն են Նիդերլանդների նախկին վարչապետ Յան Պետեր Բալկենենդեն եւ Ֆինլանդիայի նախկին վարչապետ Պաավո Լիպպոնենը: Բլերի ուժեղ կողմը վերլուծաբանները համարում են տարբեր քաղաքական գործիչների հետ նրա բանակցելու մեծ փորձը: Նրա կողմնակիցները նշում են, որ հենց Բլերը կարողացավ հաջողությամբ շփվել ինչպես Օբամայի, այնպես էլ Պուտինի հետ:
Ենթադրվում է, որ ԵՄ նախագահի թեկնածության հարցը կքննարկվի ԵՄ աշնանային գագաթնաժողովում` հոկտեմբերի 29-30-ը: Կուլիսներում խոսում են, որ Սարկոզին պատրաստ է հրաժարվել Բլերի թեկնածությունից, եթե նրա թեկնածությունը մերժի Անգելա Մերկելը:




























