«Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբ» հասարակական կազմակերպությունը դիմել է Սահմանադրական դատարան՝ օրենքի համաձայն ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին պատասխանատվության կանչելու համար: Հիշեցնենք, որ, ըստ ՀԿ-ի, Սահմանադրական դատարանի նախագահը զբաղված է քաղաքական գործունեությամբ, այն է՝ «ՀՀ արտաքին քաղաքականության քարոզչությամբ զբաղվելու հիմքով»: Գագիկ Հարությունյանը Հայաստանի նախագահի համահայկական ուղեւորության ընթացքում ուղեկցում է նրան:

ՀԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ «առ այսօր ՍԴ-ը որեւէ միջոց չի ձեռնարկել անգամ այդ հարցը քննելու ուղղությամբ եւ գեղաշենցի „մեծարգո նախագահը“ շարունակում է սահմանադրական կարգի լայնածավալ խախտումները»:

«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, այսինքն ՍԴ-ի անպատիժ անգործությունը նման հարցերի քննարկման գործում, ինչպես նաեւ, սահմանադրական կարգի հիշյալ խախտման հովանավորումը ՀՀ Նախագահի կողմից, այսօր դիմել ենք մի շարք երկրների սահմանադրական դատարաներին՝ տեղեկություն ստանալու նմանօրինակ խախտումների եւ դրանց հետեւանքերի վերացման ուղղությամբ ձեռնարկած միջոցների մասին»,- ասված է «Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբ» հասարակական կազմակերպության հայտարարության մեջ: