Սփյուռքահայ գաղթօջախներում կազմակերպված բողոքի ակցիաները անակնկալ են լիբանանահայ, «Ազգ» օրաթերթի խմբագիր, Արմենական ՌԱԿ-ի ատենապետ Հակոբ Ավետիքյանի համար։ Այդ մասին հոկտեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ինքը՝ Ավետիքյանը։ Խմբագիրը մտահոգված է, որ ակցիաները կարող են անջրպետ առաջացնել Հայաստանի եւ Սփյուռքի որոշակի շրջանակների միջեւ։

Սփյուռքահայ գործիչը նախագահ Սերժ Սարգսյանի համահայկական ուղեւորությունը գաղթօջախներ ձեւական չի համարում։ Ավելին, նման դրսեւորումները, նրա կարծիքով, օգտակար կլինեն։ «Որքանով որ հեռուստատեսությամբ տեսա, ինձ դուր եկավ նախագահի պահվածքը:

Այցելությունը շեշտում է նախագահի պատասախանատվությունը ամբողջ հայության առջեւ շփման ձեւով հանդես գալու։ Այսինքն՝ ինքը չի խոսափում մարդկանց հետ հանդիպելուց եւ պատասխանատվությունից, այլապես կարող էր չգնալ»,- ասաց Ավետիքյանը՝ հավելելով, որ դա ճիշտ պատմական քայլ էր։

«Ազգի» խմբագրի համոզմամբ, արձանագրությունների ստորագրումից հետո պաշտոնական Երեւանը կփոխի իր մարտավարությունը ցեղասպանության ճանաչման հարցում։

Ըստ Ավետիքյանի՝ Սփյուռքում նախագահի դեմ բողոքի գործողությունները կազմակերպել եւ իրականացրել է Հայ հեղափոխական դաշնակցությունը:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը համահայկական ուղեւորության շրջանակներում արդեն այցելել է Փարիզ, Նյու Յորք, Լոս Անջելես եւ Բեյրութ: Բոլոր այդ քաղաքներում Հայաստանի նախագահին սփյուռքահայերը դիմավորել են բողոքի բուռն գործողություններով: