Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել ուկրաինական կողմին, կապված Սեւաստոպոլի ազատագրման ժամանակ ֆաշիստների կողմից սպանված ադրբեջանցիների հուշարձանի ավերման հետ: Այս մասին այսօր հաղորդել է Ադրբեջանի դեսպան Թյալյաթ Ալիեւը:
Նոտայում նա իր ցասումն է հայտնել վանդալիզմի այդ դրսեւորման առթիվ: Ի դեպ, այդ հուշարձանը կառուցվել է 1974 թվականին՝ Ադրբեջանի այն ժամանակվա ղեկավար Հեյդար Ալիեւի նախաձեռնությամբ:
Դեսպանի խոսքով, հոկտեմբերի 4-ի գիշերը մի քանի մարդ գողանալու նպատակով ջարդել են բրոնզից պատրաստված հուշարձանը: Դեսպանատունն իր բողոքի նամակում ուկրաինական կողմից պահանջել է անմիջապես գտնել չարագործներին, պատժել նրանց եւ աշխատանքներ սկսել հուշարձանը վերականգնելու ուղղությամբ:
Նշենք, որ ըստ Սեւաստոպոլի ոստիկանության տվյալների, երկու չարագործներ արդեն ձերբակալվել են, հետախուզական աշխատանքները շարունակվում են:



























