Ավարտվեց ֆուտբոլի Ուկրաինայի առաջնությունը: Վերջին տուրում Դոնեցկի Շախտյորը 0:0 խաղաց Դնեպրի հետ: Շախտյորի կազմում Ուկրաինայի չեմպիոնի ոսկե մեդալը ստացավ Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանը, որը չեմպիոնի կարգավիճակում առաջին հարցազրույցն է տվել: Մխիթարյանը հայտարարել է, որ Ուկրաինայի չեմպիոն դառնալն ավելի բարդ է, քան Հայաստանի, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

- Հենրիխ, սա Ուկրաինայի չեմպիոնի քո առաջին մեդալն է: Ի՞նչ հույզեր ունես հիմա:

-  Գերազանց: Մինչեւ այս ես դարձել էի միայն Հայաստանի չեմպիոն: Ուկրաինայի չեմպիոն դառնալն ավելի բարդ է, այդ պատճառով կասեմ, որ շատ լավ զգացումներ ունեմ:

- Ինչպե՞ս ես գնահատում քո մրցաշրջանը Շախտյորում:

- Դա թող անեն մարզիչներն ու մասնագետները: Ես ցանկանում են խաղից խաղ ցուցադրել իմ լավագույն որակները եւ ինչքան հնարավոր է արագ առաջադիմել որպես ֆուտբոլիստ:

- Դժվա՞ր տրվեց Ուկրաինայի չեմպիոնի մեդալը:

- Եվ Հայաստանի առաջնությունում, եւ Ուկրաինայի առաջնությունում կան ծանր կողմեր: Այդ երկու մրցաշարերը համեմատելը հեշտ չէ, բայց կասեմ, որ Ուկրաինայի առաջնությունում կան շատ ավելի ծանր կողմեր, որոնք հաղթահարելու դեպքում դու կարող ես դառնալ չեմպիոն: