«Ավարտին են մոտենում հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների քննարկման 6 շաբաթները, եւ ժամանակն է, որ բոլոր քաղաքական ուժերը ներկայացնեն իրենց տեսակետները»,- հոկտեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը։
Նշելով, որ Հանրապետական կուսակցության տեսակետներն այդ հարցով չեն փոխվել, նա ընդգծեց, որ իրենք շարունակում են պնդել, թե հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացում նախապայմաններ չպետք է լինեն։ Այդ համատեքստում կարեւորելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կատարած ուղեւորությունների շարքը Սփյուռք՝ Էդուարդ Շարմազանովն այն անվանեց աննախադեպ՝ նշելով, որ այդ կերպ նախագահն ապացուցեց իր՝ համայն հայության առաջնորդ լինելու փաստը։
Անդրադառնալով Սփյուռքում հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ հնչած անհանգստություններին՝ ՀՀԿ խմբակցության քարտուղարը բնական համարեց դա՝ նկատելով, որ իրենք բնական են ընդունում այդ փաստը եւ ամենեւին էլ այնպես չէ, որ իրենք մտահոգություններ չունեն։ Նրա խոսքերով, սակայն, Հանրապետական կուսակցությունը պատրաստ է լսել այլ տեսակետներ եւ ընդունել քննադատություններ, եթե դրանք տեղավորվում են «չափի սահմաններում եւ փաստարկված են»։
Վերջում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում կրկին կարեւորելով Սփյուռքի դերը՝ Էդուարդ Շարմազանովը ընդգծեց, սակայն, որ վերջնական որոշումներ ընդունում են ՀՀ նախագահն ու ԱԺ-ն։
«Յուրաքաչյուր մարաթոնյան վազք սկսում է առաջին քայլից, եւ մենք պետք է անենք այդ քայլը։ Թող ոչ ոք իրեն մեզանից ավելի հայրենասեր չհամարի եւ թող պատկեր չստեղծվի, թե նա, ով ավելի բարձր է աղմկում՝ ավելի ճիշտ է»,- եզրափակեց նա։




























