Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը հոկտեմբերի 7-ին ընդունել է ԱՊՀ անդամ պետությունների Աֆղանական պատերազմի վետերանների հարցերով համակարգող խորհրդի նախագահ Ռուսլան Աուշեւին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:

ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ, ողջունելով հյուրերին, ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանի հազարավոր զավակներ մասնակցել են աֆղանական պատերազմին եւ որ Հայաստանում գործում է Աֆղանական պատերազմի վետերանների միությունը:

Համակարգող խորհրդի անդամները գործադիրի ղեկավարին ներկայացրել են իրենց ծրագրերն ու նախաձեռնությունները եւ գոհունակություն հայտնել ԱՊՀ շրջանակներում Հայաստանի կառավարության կողմից ցուցաբերվող հետեւողական աջակցության ու համագործակցության պատրաստակամության համար:

ՀՀ վարչապետը` Հայաստանի նախագահի եւ իր անունից հայտնել է, որ մեր երկիրն աջակցում է Աֆղանական պատերազմի վետերանների միության հանրային նախաձեռնություններին: