ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պարզաբանել է իր այն խոսքերը, որ պաղեստինա-իսրայելական հակամարատության կարգավորման հիմքը պետք է լինի 1967թ. սահմանների վերականգնումը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
«Վարչապետ Նեթանյահուին ասացի, որ իմ կարծիքով, Մերձավոր Արեւելքում իրավիճակը թույլ չի տալիս հապաղել: Կարծում եմ` իսկական բարեկամներն ամեն ինչ բաց եւ մաքուր են քննարկում: Այնպես որ, ուզում եմ ձեզ ասել այն, ինչ ասել եմ վարչապետին», - հայտարարել է Օբաման:
Ըստ նրա` Մերձավոր Արեւելքի իրավիճակի առումով պետք է հաշվի առնել մի քանի կարեւոր փաստ:
«Առաջինը այն, որ Հորդանան գետից արեւմուտք ընկած հատվածում բնակվող պաղեստինցիների թիվը շատ արագ աճում է, եւ դա լրջորեն փոխում է ժողովրդագրական իրավիճակը ինչպես Իսրայելի, այնպես էլ Պաղեստինի համար: Առանց խաղաղ համաձայնագրի Իսրայելի համար դժվար կլինի մնալ ինչպես հրեական, այպես էլ ժողովրդավարական պետություն», - նշել է Օբաման:
Երկրորդը նա համարել է այն, որ խաղաղ համաձայնագրի բացակայության դեպքում Իսրայելն ավելի մեծ դժվարությամբ կկարողանա իրեն պաշտպանել:
«Երրրոդն այն է, որ արաբների նոր սերունդը փոխում է տարածաշրջանը: Արդար եւ հուսալի խաղաղության հիմա հնարավոր չէ հասնել մեկ կամ երկու արաբական առաջնորդների հետ: Առաջ գնալով, միլիոնավոր արաբներ պետք է վստահ լինեն, որ խաղաղությունը կայուն է լինելու», - ասել է ԱՄՆ նախագահը:
«Այս ամենը նշանակում է, որ կողմերը` իսրայելցիներն ու պաղեստինցիները, պետք է քննարկեն 1967թ. հունիսի 4-ին գոյություն ունեցողից տարբերվող սահմաններ», - նշել է Օբաման:




























