Սերժ Սարգսյանի Լիբանանյան այցը շատ ավելի լարված է անցել, քան Փարիզում կամ Լոս Անջելեսում: Այցի մանրամասներին եւ լիբանանահայերի բողոքի գործողությունների ու ոստիկանության արձագանքների մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց բեյրութահայ Թորոս Սեֆիլյանը:
Ըստ այդմ, Սերժ Սարգսյանի Բեյրութի օդանավակայան ժամանելիս արդեն իսկ այնտեղ հավաքված էին բազմաթիվ լիբանանահայեր, որպեսզի իրենց «ոչ»-ն ասեն հայ-թուրքական արձանագրություններին: Հենց այստեղ էլ նրանցից ոմանք Սերժ Սարգսյանի մեքենան փորձել են քարկոծել: Լիբանանահայերը սկսել են սուլել, ձեռքի հեռախոսներ նետել ավտոշարասյան ուղղությամբ: Բնականաբար, Սերժ Սարգսյանի մեքենան այստեղ կանգ չի առել եւ հավաքվածներին չի հանդիպել: Այնուհետեւ ցուցարարները գնացել են այն հյուրանոցի մոտ («Հաբթուր»), որտեղ իջեւանել է Սերժ Սարգսյանը: Ցուցարարները եղել են 6-7 հազար:
Ողջ ճանապարհը շրջափակված է եղել ոչ միայն Լիբանանի ոստիկանական ուժերի, այլեւ զինվորականների կողմից: Դրանից զատ, ներգարվված են եղել նաեւ պայմանագրային ծառայողներ, որոնք երկիր բարձրաստիճան հյուրեր ժամանելիս նման ծառայություններ են մատուցում:
Ժամը 5:30-ին առաջին բախումն է գրանցվել ոստիկանների ու ցուցարարների միջեւ, որի արդյունքում մի հայ երիտասադ գանգուղեղային վնասվածք է ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց: Վիրավորվել է նաեւ մեկ ոստիկան: Բախումն սկսվել է այն բանից հետո, երբ ցուցարարները փորձել են մոտենալ հյուրանոցին: Ոստիկանության հետ ընդհարումը տեւել է մոտ կես ժամ, այնուհետեւ ամեն ինչ հանդարտվել է, թեեւ բողոքի ցույցը շարունակվել է: Մարդիկ երգել են, կոչեր են հնչեցրել, պարզել են պաստառներ, որոնց վրա գրված է եղել. «Ոչ», «Մեզ Վարդաններ են պետք, ոչ թե` Վասակներ»:
Ըստ Թ. Սեֆիլյանի, ոստիկանները թույլ չեն տվել ցուցարարներին մոտենալ հյուրանոցին: Սերժ Սարգսյանի անվտանգությունն ապահովելու համար «միայն ռազմական ինքնաթիռներ չկային, մնացած ամեն ինչ կար»: Ոստիկաններն ու բանակայինները զինված են եղել մինչեւ ատամները: Փողոցում կանգնած են եղել ինչպես հետեւակի մարտական մեքենաներ (ԲՏՌ), այնպես էլ ջրցան մեքենաներ: Դրանից զատ եղել են 10 «Ջիպ»-եր, որոնց վրա տեղադրված են եղել հակաօդային պաշտպանության տարրեր:




























