Սպիտակ տունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման զանգահարել է Լոս Անջելեսում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին:

«Ազատություն» ռ/կ-ն ներկայացրել է Սպիտակ տան տարածած պաշտոնական հաղորդագրությունը, ըստ որի՝ ԱՄՆ-ի նախագահը զանգահարել է` խրախուսելու Սերժ Սարգսյանի խիզախ կառավարումը եւ քաջալերելու նրան` շարունակել առաջընթացը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման գործընթացում:

«Նախագահ Օբաման ընդգծել է Միացյալ Նահանգների դիրքորոշումը. կարգավորման շուրջ բանակցությունները պետք է ընթանան առանց նախապայմանների եւ խելամիտ ժամկետներում»,- հայտարարել է Սպիտակ տունը եւ հավելել. «Բարաք Օբաման իր լիակատար աջակցությունն է հայտնել գործընթացին, որը կհանգեցնի երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմանը եւ առավել պայծառ ապագա կբերի գործընթացում ներգրավվածներին»: