Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցելով Յըլդըզ տեխնիկական համալսարանի նոր ուսումնական տարվա բացմանը խոսել է նաեւ ԱՄՀ-ի դեմ բողոքների մասին։ Նա ասել է, որ բողոքը չպետք է ընդհարումների վերածվի։ Էրդողանը խանութները, բանկերը, մեքենաները ջարդողներին հիշեցրել է, որ նրանք վնասում են այն մարդկանց, ովքեր հացի փող են աշխատում։
Ավերածություններով ուղեկցվող բողոքի ակցիաներին է անդրադարձել նաեւ Ստամբուլի նահանգապետ Մուամեր Գյուլերը։ Նա լրագրողներին հայտնել է, որ ցուցարարները վնասել են 7 ոստիկանական մեքենա, 6 հյուպատոսական շենք, 11 բանկերի պատուհաններ, 5 հիմնարկություն։ Նա ասել է, որ ոստիկանները միայն մի մեքենայի մեջ գտել են 27 դյուրավառ հեղուկով շիշ, սեւ դիմակներ եւ ձեռնոցներ։ Ստամբուլի նահանգապետը նշել է, որ ձերբակալվել են 103 հոգի, որոնցից 47-ը կին են։ Իսկ հոկտեմբերի 7-ին՝ եւս 25 հոգի։




























