Իրավական առումով այնքան էլ ճիշտ չէ հարյուր կամ երկու հարյուր տարվա վաղեմության իրադարձությունները ցեղասպանություն անվանել, քանի որ հենց «ցեղասպանություն» տերմինը շրջանառության մեջ է մտել անցած դարի 40-ականներին:  NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց վրաց փորձագետ Զուրաբ Աբաշիձեն:

Ըստ նրա` դա վերաբերում է եւ չերքեզների հետ կատարվածին, եւ 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում  «հայերի զանգվածային սպանություններին»:

Այն դիտարկմանը, թե Վրաստանի խորհրդարանը չի կիսում այդ տեսակետը, եւ չերքեզների հետ կապված 250 տարվա վաղեմության դեպքերը համարում է ցեղասպանություն, մինչդեռ  երկար ժամանակ շրջանցում է հայերի նմանատիպ հարցը, Աբաշիջեն ասաց. «Դե, դա արդեն խորհրդարանին պետք է հարցնել, թե ինչու այդպես որոշեց, ոչ թե ինձ»:

Նա կարծիք հայտնեց, որ եթե այդ տեսանկյունից նայեն, ապա մարդկության ողջ պատմությունը ցեղասպանությունների  շարք է, եւ այդպես պետք է անվերջ ճանաչել:

Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանը մայիսի 20-ին ճանաչել էր չերքեզ ժողովրդի ցեղասպանությունը: Խոսքը 1763-1864 թթ.  իրադարձությունների մասին է: