Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող ՀՀՇ անդամ Կարեն Կարապետյանը ոչ հերքում, ոչ էլ հաստատում է տեղեկությունն այն մասին, ըստ որի`ՀՀՇ-ից հեռացած նախկին կուսակցականները պատրաստվում են առաջիկայում նոր քաղաքական ուժ գրանցել` «Ազատ ժողովրդավարներ» անունով: Ըստ այդմ, այդ քաղաքական ուժի մեջ ներգրավվելու են բոլոր այն ՀՀՇ-ականները, ովքեր ինչ-ինչ պատճառներով նեղացել են կուսակցությունից եւ թեեւ շարունակում են կուսակցական լինել, սակայն կուսակցություն ոտք չեն դնում: Նոր ուժի ձեւավորման աշխատանքներն, ըստ մամուլի հրապարակումների, ստանձնել է ՀՀՇ նախկին փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանը:
«Առաջիկա օրերին ամեն ինչ-կհստակեցվի եւ եթե նման ուժ է ի հայտ գալու, ապա դրա ձեւավորումը չի կարող գաղտնի պահվել: Այս պահին ես ոչ մի բան էլ չեմ կարող ասել»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀՇ անդամ Կարեն Կարապետյանը, ով ՀՀՇ վերջին համագումարից հետո հրաժարական տվեց ՀՀՇ լրատվական ծառայության պետի եւ ՀՀՇ երիտթեւի նախագահի պաշտոնից: Կարապետյանը թեեւ պաշտոնապես դուրս չի եկել ՀՀՇ-ից, սակայն կուսակցության աշխատանքներին չի մասնակցում:
NEWS.am-ը փորձեց նաեւ նշված տեղեկության վերաբերյալ մեկնաբանություն ստանալ նաեւ Խաչատուր Քոքոբելյանից, սակայն նրա հետ կապվել չհաջողվեց: Նա ՀՀՇ-ից դուրս գալուց հետո անհասանելի է դարձել լրագրողների համար: Քոքոբելյանը, հիշեցնենք, մոտ մեկ տարի առաջ հրաժարական տվեց ՀՀՇ փոխնախագահի պաշտոնից: Նա եւ ՀՀՇ վարչության նախկին նախագահ Արարատ Զուրաբյանը, ըստ լուրերի, գաղտնի բանակցությունների մեջ էին իշխանությունների հետ եւ քննարկում էին ՀԱԿ-ից դուրս գալու դիմաց հաջորդ խորհրդարանում մանդատներ ստանալու հարցը:
Հարկ է նշել, որ ապրիլի 28-29-ին Հայաստանում գտնվող ԱՄՆ փոխպետքարտուղարի`Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Թինա Քեյդենաուն, ըստ մամուլի հրապարակումների, հանդիպել էր ՀՀՇ վարչության նախկին փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանին եւ ՀՀ նախկին արտգործնախարար, ՀՀՇ վարչության նախկին ղեկավար Ալեքսանդր Արզումանյանին: Հանդիպումը տեղի էր ունեցել «Պանդոկ Երեւան» ռեստորանում եւ ձգվել էր շուրջ երկու ժամ:




























