«Հայկական ժամամակ» օրաթերթն իր առաջին էջին լուսանկար է զետեղել, որտեղ հստակ երեւում է, թե ինչպես է  ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռոբերտ Զաքարյանը քվեարկում  իր կուսակից պատգամավոր Վահագն Մախսուդյանի փոխարեն։ 

«Զաքարյանը Մախսուդյանի փոխարեն երեկ քվեարկեց մի քանի անգամ։ Սա ոչ առաջին ու ոչ էլ, բնականաբար, վերջին նման դեպքն է։ Նկատենք, որ խորհրդարանի նոր տեխնիկան տեղադրելուց հետո ԱԺ ղեկավարությունը, մասնավորապես՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը մեզ վստահեցնում էր, թե այս նոր համակարգով պատգամավորները զրկվում են մեկը մյուսի փոխարեն քվեարկելու հնարավորությունից։ «Բացի այն, որ քարտերը կոդավորված են, եւ այլ պատգամավորի մոնիտոր դրանով հնարավոր չէ միացնել. նաեւ քվեարկության վրա է բավական ժամանակ ծախսվելու, եւ նրանք չեն հասցնելու մեկը մյուսի փոխարեն քվեարկել»,- մեզ բացատրում էր Գեղամ Ղարիբջանյանը՝ նշելով նաեւ, որ դրա համար կա մեկ այլ խոչընդոտ՝ լրագրողները վերեւից հսկելու են քվեարկության ընթացքը»- գրում է թերթը։