Վրաստանի պաշտպանության նախարարությունը չի փոխել շքերթ անցկացնելու իր ծրագրերը` չնայած քաղաքի կենտրոնում բողոքի գործողություններ անելու ընդդիմության հայտարարություններին:
Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեն մայիսի 23-ին ազդարարել էր «Ժողովրդական ժողովի» ծրագրերը` հայտնելով, որ մայիսի 25-ին ցուցարարները հեռուստատեսության շենքի մոտից վերադառնալու են Ազատության հրապարակ: Բուրջանաձեն ասել էր, թե «թույլ չի տալու իշխանություններին հանգիստ մթնոլորտում շքերթ անել»:
Ակցիաների մասին հայտարարել է նաեւ արմատական «Վրացական կուսակցությունը»` իր ակցիան անվանելով «Ցասման օր»:
Ռազմական շքերթն ավանդաբար անցկացվում է Անկախության օրը` Ռուսթավելիի պողոտայում, բացառություն է եղել միայն 2009-ը, քանի որ ընդդիմությունը արգելափակել էր քաղաքի կենտրոնը:




























