Եվրամիությունն անհանգստացած է մահացու միջադեպերով, որ տեղի են ունեցել անցած շաբաթ Լեռնային Ղարաբաղում:
«Մենք անհանգստացած ենք Վրաստանի միջադեպերով, նաեւ ողբերգական իրադարձություններով Լեռնային Ղարաբաղում, որ տեղի են ունեցել անցած շաբաթ»,- հայտարարել է ԵՄ` արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը:
Նշենք, որ վերջին օրերին ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածել, թե հայկական կողմից հրադադարի խախտման արդյունքում ադրբեջանցի զինծառայողներ են զոհվել:
ԼՂՀ ՊՆ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ադբեջանական կողմի հերթական ապատեղեկությունն էր համարել նման տեղեկությունները, իսկ Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը հայտնել էր, որ ադրբեջանական կողմը մշտապես խախտում է հրադադարի ռեժիմը, եւ եթե պատասխան գործողությունների արդյունքում ադրբեջանցի զինվոր է զոհվում, ապա դրա միակ մեղավորն ադրբեջանական կողմն է:




























