Մակեդոնական Օխրիդ քաղաքում շարունակվում է շախմատի Եվրոպայի ակումբային առաջնությունը: 4-րդ տուրի շրջանակներում կրկին հաջող հանդես եկավ տղամարդկանց «Միկա» ակումբը: Այս անգամ դժվարին պայքարում հայ շախմատիստները 3,5:2,5 հաշվով պարտության մատնեցին գերմանական բավականին ուժեղ «OSG Baden-Baden» ակումբին: Այսպիսով, մեր թիմը իր ակտիվում ունի 8 միավոր եւ 1-3 տեղերը կիսում է «Էկոնոմիստ» (Սարատով, ՌԴ) ու «Ալկալոիդ» (Սկոպյե, Մակեդոնիա) թիմերի հետ: 5-րդ տուրում «Միկան» կհանդիպի «Էկոնոմիստի» հետ:

Իսկ «OSG Baden-Baden»-ի հետ մրցավեճում հայ շախմատիստներից Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Տիգրան Պետրոսյանը ոչ-ոքի են խաղացել համապատասխանաբար Սերգեյ Մովսիսյանի, Պոնս Վալյեխոյի եւ Դիտեր Նիսիպյանուի հետ: Զավեն Անդրեասյանը պարտություն է կրել Մայքլ Ադամսի հետ պայքարում, իսկ Վլադիմիր Հակոբյանն ու Արման Փաշիկյանը հաղթել են Էթյեն Բաքրոյին եւ Նայդիչին:

Առաջին երկու միավորն է վաստակել կանանց «Միկա» թիմը: Հաղթանակը տրվել է առանց խաղի, քանի որ 4-րդ տուրում «Միկան» չէր խաղում որեւէ թիմի հետ: Այժմ հայկական թիմը 11 թիմերի շարքում զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը: Մրցաշարային աղյուսակը գլխավորում են «Cercle de Echecs» (Մոնակո), «Սպարտակ» (Վիդնոե, ՌԴ) եւ «Սամայա» (Թբիլիսի, Վրաստան) թիմերը՝ 6-ական միավորով: 5-րդ տուրում «Միկան» կհանդիպի «BAS Beograd» (Սերբիա):

Հիշեցնենք, որ Եվրոպայի գավաթը բաղկացած է 7 տուրից եւ ավարտվելու է հոկտեմբերի 10-ին: