Pfizer ընկերության ղեկավարը, որը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մշակողների շարքում է, իր հիասթափությունն է հայտնել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման քաղաքականացման կապակցությամբ, գրում է Washington Examiner-ը:
Իր աշխատակիցներին ուղղված նամակում գործադիր տնօրեն Ալբերտ Բուրլան գրել է, որ նախագահական բանավեճը դիտելուց հետո «հիասթափվել է, որ մահացու հիվանդության կանխարգելումը քննարկվում է` ավելի շատ հիմնվելով քաղաքական, քան գիտական փաստերի վրա»:
Բուրլան նշել է, որ 2020 թվականի սկզբին ընկերությունը նպատակ էր դրել հոկտեմբերին գրանցել պատվաստանյութը Սննդամթերքի եւ դեղամիջոցների վերահսկման վարչությունում եւ մինչեւ տարեվերջ 100 միլիոն դեղաչափ մատակարարել:
Իր նամակում նա չի հայտարարել այդ նպատակի փոփոխության մասին, սակայն նշել է. «Ես չեմ կարող ճշգրիտ կանխատեսել, թե երբ կամ նույնիսկ, եթե մեր պատվաստանյութը հաստատվի Սննդամթերքի եւ դեղամիջոցների վերահսկման վարչության կողմից` հասարակությանը փոխանցելու համար»: Սակայն նա հավելել է, որ ընկերությունը «շարժվում է գիտության արագությամբ»:
Ընկերության ղեկավարը նաեւ նախազգուշացրել է, որ պատվաստանյութի մշակման շուրջ քաղաքական քննարկումները «խաթարել են հասարակության վստահությունը»` աշխատակիցներին կոչ անելով «միասին աշխատել գիտության նկատմամբ վստահությունն ամրապնդելու համար»: «Դա այն է, ինչ մենք անում ենք Pfizer-ում: Պատկերացրեք դժվարին ողբերգությունը, եթե մենք անվտանգ եւ արդյունավետ պատվաստանյութ ունենք, որին շատերը չեն վստահել»,- նշել է նա:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս պնդում էր, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կարող է պատրաստ լինել մինչեւ ԱՄՆ ընտրությունները: Մյուսները, այդ թվում` երկրի գլխավոր վարակաբան, դոկտոր Էնթոնի Ֆաուչին, ասում էին, որ գործընթացը, ամենայն հավանականությամբ, ավելի երկար կտեւի, հնարավոր է` մինչեւ 2020 թվականի վերջ:





























