Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է կրոնական «անջատողականության» դեմ օրենքի մասին, որը նպատակ ունի ազատել իսլամը Ֆրանսիայում «օտարերկրյա ազդեցություններից», գրում է The Guardian-ը:

Երկար սպասված հռչակագրում Ֆրանսիայի նախագահը ներկայացրել է նոր միջոցառումները, որոնք ուղղված են «հանրապետության եւ դրա արժեքների պաշտպանությանը եւ հավասարության ու ազատագրման խոստումների կատարման ապահովմանը»:

Արմատական ​​իսլամիզմի եւ ահաբեկչության դեմ պայքարին ուղղված միջոցառումները ենթադրում են հետեւյալ մոտեցումը. տեղական իշխանություններին կհանձնվեն ծայրահեղականության դեմ պայքարի բոլոր լիազորությունները: Ընդ որում, նախատեսվում է միջոցներ ներդնել կրթության մեջ, հատկապես` իսլամական մշակույթի եւ քաղաքակրթության, ինչպես նաեւ սոցիալական ոլորտում, այդ թվում` բնակարանային ապահովման եւ աղքատության դեմ պայքարի ոլորտներում:

«Մեր խնդիրն է պայքարել նրանց դեմ, ով դուրս է գալիս սահմաններից կրոնի անվան տակ... ընդ որում` պաշտպանելով նրանց, ով հավատում է իսլամին եւ հանրապետության լիարժեք քաղաքացի է»,- հայտարարել է Մակրոնը:

Ըստ նրա` ներկայացված միջոցառումները կմշակվեն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում, որպեսզի հնարավոր լինի դեկտեմբերին ներկայացնել այս օրենքը:

Նշված միջոցառումները մզկիթների ավելի ուժեղացված հսկողություն են ներառում եւ երաշխավորում են օտարերկրյա իմամների մասնակցությունը համապատասխան թրեյնինգներին Ֆրանսիայում` նախքան վկայագրերի տրամադրումը նրանց:

Ըստ Մակրոնի` այս օրենքի նպատակն է նաեւ «ֆրանսիական իսլամի ազատումն արտաքին ազդեցություններից», մասնավորապես` ֆինանսավորումից: Ֆրանսիայից ֆինանսավորում ստացող իսլամական կազմակերպությունները պարտավորված կլինեն ստորագրել այսպես կոչված «աշխարհիկ կանոնադրությունը»: Ընդ որում, հանրապետական գաղափարներին հակասող գաղափարներ քարոզող կազմակերպությունները կլուծարվեն: Բացի այդ, պետական ​​միջոցներից 10 միլիոն եվրո կներդրվի բարձրագույն կրթության եւ իսլամական մշակույթի եւ քաղաքակրթության ուսումնասիրությունների համար:

«2012 թվականից երկիրն իսլամական ահաբեկչության է ենթարկվում, եւ մենք աստիճանաբար վերակառուցվում ենք այդ վտանգի դեմ»,- ասել է Ֆրանսիայի նախագահը:

Այնուամենայնիվ, Էմանուել Մակրոնը խոստովանել է, որ այժմ երկրի առջեւ ծառացած խնդիրների պատճառն դրա գաղութային անցյալն է:

«Մենք մեր սեփական անջատողականությունը ստեղծեցինք մեր որոշ տարածքներում: Մենք կենտրոնացրել ենք նույն ծագման, նույն կրոնին դավանող բնակչությունները: Սա տնտեսական եւ կրթական դժվարություններ է ստեղծել»,- ասել է նա:

Մակրոնը հայտարարել է նաեւ կրթության եւ արդարադատության նախարարությունների «լրացուցիչ ֆինանսավորման» մասին` «հանրապետական ներկայությունը յուրաքանչյուր ճանապարհին, յուրաքանչյուր շենքում երաշխավորելու համար»: