Հոկտեմբերի 7-ին Գեղարքունիքի մարզի Գեղամավան-Վարսեր միջհամայնքային ավտոճանապարհին` ափամերձ հանգստյան գոտու 4-րդ հատվածում, տեղի է ունեցել ավտովթար, երեք հոգի զոհվել են:

Հայաստանի փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ իրար են բախվել ՎԱԶ-21011 մակնիշի 04 ՏԼ 488 պետհամարանիշի եւ Ֆորդ մակնիշի 10 ՕՕ 966 պետհամարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով ՎԱԶ-21011 մակնիշի մեքենայի վարորդ, 1984թ. ծնված Էդգար Ավագյանը եւ երեք ուղեւորներից երկուսը` 1969թ. ծնված Գայանե եւ 1948թ. ծնված Սեդա Մովսիսյանները տեղում մահացել են: Մեքենայի երրորդ ուղեւորը` 1987թ. ծնված Աննա Նավասարդյանը, տեղափոխվել է Սեւանի կենտրոնական հիվանդանոց: Ըստ բժիշկների` տուժածի վիճակը կայուն բավարար է:

Մյուս մեքենայի վարորդ, 1979թ. ծնված Վիրաբ Գալստյանին ոտքերի կոտրվածքով տեղափոխել են Երեւանի Էրեբունի բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների` տուժածի վիճակը միջին ծանրության է:
Դեպքի վայրում առկա է եղել հրդեհի վտանգ, որի վերացման համար կատարվել են կանխարգելիչ աշխատանքներ: