Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպեսը հայտարարել է, որ քաղաքական միջամտություն է կասկածում Կենտրոնական Ամերիկայում միգրանտների նոր քարավանի հետեւում` խոստանալով հետ պահել իր երկիրն ԱՄՆ նախագահական մրցավազքին միջամտելուց, հայտնում է Reuters-ը:
Հինգշաբթի ավելի քան 2000 միգրանտ անցել էր գվատեմալական զորքերի կողքով դեպի Հոնդուրասի սահմանը: Ըստ որոշ տվյալների` նրանք փորձում են փախնել համավարակի պատճառած աղքատությունից:
Մեքսիկայի նախագահը, ով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ թյուրիմացություններից խուսափելու նպատակով քայլեր է ձեռնարկել անօրինական միգրացիան կանխելու համար, ենթադրել է, որ քարավանի դուրս գալը Հոնդուրասից կապված է սադրանքի հետ:
«Դա շատ տարօրինակ է: Սա հենց այն դեպքն է, երբ ես կարծում եմ, որ դա կապված է Միացյալ Նահանգների ընտրությունների հետ»,- ասել է Օբրադորը մամուլի ասուլիսին:
Միաժամանակ նա նշել է, որ չունի իր կասկածը հաստատող ճշգրիտ ապացույցներ: Սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ քարավանը անջատվել է եւ միգրանտների մի մասը հետ է վերադարձել:





























