Մադրիդում ուրբաթ երեկոյան երկու շաբաթով մասնակի մեկուսացում է հայտարարվել, ոստիկանությունը վերահսկում է Իսպանիայի մայրաքաղաքի մուտքը եւ ելքը, որը կորոնավիրուսի երկրորդ ամենամեծ օջախն է դարձել համավարակի երկրորդ ալիքի ֆոնին, հաղորդում է Associated Press-ը:
Ներդրված միջոցառումների համաձայն` արգելվում են դեպի Իսպանիայի մայրաքաղաք եւ դրանից դուրս բոլոր ոչ արտակարգ ուղեւորությունները: Նոր մեկուսացումը տարածվել է մոտ 4.8 միլիոն մարդու վրա:
Ռեստորանները պետք է փակ լինեն տեղական ժամանակով 23:00-ից, իսկ խանութները` 22:00-ից: Ընդ որում, ռեստորանների եւ խանութների տարածքների զբաղվածությունը պետք է ընդամենը 50 տոկոս կազմի:
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը կոչ է արել հրատապորեն անհրաժեշտ քայլեր ձեռնարկել` COVID-19-ի հետագա տարածումը եւ այս տարվա մարտին եւ ապրիլին տեղի ունեցած սարսափելի իրադարձությունների կանխելու համար, երբ հիվանդանոցները ծանրաբեռնված էին կորոնավիրուսով հիվանդներով:
Այնուամենայնիվ այս համեմատաբար թույլ միջոցները լարվածության աճի են հանգեցրել ձախակողմյան կառավարական կոալիցիայի եւ Մադրիդի վարչակազմի միջեւ, որի անդամները պատկանում են «աջերին»:
Մադրիդի կառավարությունը, որի ղեկավարն է պահպանողական Ժողովրդական կուսակցության անդամ Իզաբել Դիաս Այուսոն, հայտարարել է, որ ստիպված է ենթարկվել այս միջոցառումներին, սակայն միեւնույն ժամանակ դատական հայց է ներկայացրել` մեկուսացումը չեղյալ հայտարարելու հույսով: Ըստ Այուսոյի եւ նրա նախարարների` երկրի կառավարության կողմից սահմանված սահմանափակումները քաոսի կհանգեցնեն եւ արդեն թուլացրել են տնտեսությունը, ինչպես նաեւ խախտում են իրենց` որպես տարածաշրջանային իշխանությունների իրավասությունը:





























