Գերմանիայում Ռուսաստանի դեսպանությանը մերժել են ռուս բլոգեր Ալեքսեյ Նավալնուն հյուպատոսական հասանելիության հարցում: Այս մասին հաղորդվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության համաձայն, «Ալեքսեյ Նավալնու շուրջ ստեղծված իրավիճակի համատեքստում ԳԴՀ-ում արհեստականորեն ուռճացվող հիստերիայի աստիճանը չի նվազում»:

«Ուշադրություն դարձրեցինք, որ երբ ամենաբարձրաստիճան գերմանացի քաղաքական գործիչները վերարտադրում են մեր երկրի հասցեին ուղղված անհիմն մեղադրանքների եւ սպառնալիքների չափաբաժինը, նշվում է պարադոքսալ թեզ՝ գոյություն ունեցող մասնագիտական երկկողմ մեխանիզմների շրջանակներում Գերմանիայի հետ երկխոսելու Ռուսաստանի պատրաստակամության բացակայության մասին:

Նման հայտարարությունները մենք համարում ենք ոչ այլ ինչ, քան ուղղակի սուտ: Այս կապակցությամբ հիշեցնում ենք, որ գերմանական կողմը շարունակում է հետեւողականորեն անտեսել գործնական համագործակցություն հաստատելու առաջարկները, որոնք ելնում են Նավալնու այսպես կոչված, «թունավորման» հանգամանքները ՔԶԱԿ-ի դրույթների հիման վրա իրավաբանական օգնության եւ խորհրդատվությունների շրջանակներում պարզելու շահերից:

Արձագանք չի ստացել նաեւ ՌԴ Պետդումայի եւ Գերմանիայի Բունդեսթագի խորհրդարանական «բարեկամական խմբերի» ղեկավարների նախաձեռնությունը՝ կատարելու դեպքի «կառուցողական ու անկողմնակալ հետաքննություն»: Առայժմ ոչ մի արձագանք չի եղել մեր պատգամավորների նամակին՝ Ա. Նավալնու հետ կապված միջադեպի հետաքննության նկատմամբ ռուս-գերմանական խորհրդարանական համատեղ վերահսկողություն սահմանելու առաջարկով:

Այս տարվա սեպտեմբերի 24-ին Ռուսաստանի գլխավոր դատախազությունը պատրաստել է այդ կապակցությամբ իրավաբանական օգնության արդեն չորրորդ հարցումը, որն ուղարկվել է գերմանական կողմին: Մենք դեռ պնդում ենք, որ պատասխանեն այդ դիմումներին:

Քաղաքական երկխոսության, ինչպես նաեւ դիվանագիտական ուղիներով ռուսական կողմի տված հարցերի պատասխաններ չկան: Բեռլինում Ռուսաստանի դեսպանությունը, որը աջակցություն էր խնդրել Նավալնուն հյուպատոսական հասանելիության հարցում, մերժում է ստացել Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունից։

Իրավիճակը վերլուծելիս պետք է հաշվի առնել նաեւ գերմանացի բժիշկների կարծիքը: Ռուսաստան ժամանած գերմանացի բժիշկները անկաշկանդ հասանելիություն են ստացել Նավալնուն, Օմսկի հիվանդանոցում նրա բուժման արդյունքներին, եւ ստորագրվել են հիվանդին իրենց մասնագիտական խնամքի տակ տեղափոխելու փաստաթղթերը։

Ռուսաստանին հրեշացնելու եւ երկկողմ հարաբերությունները խարխլելու սադրիչ արշավը ներշնչողներին խորհուրդ կտայինք սթափվել: Մեր կողմից մենք պատրաստ ենք Ա. Նավալնու հետ կապված իրավիճակի վերաբերյալ բաց, ազնիվ եւ փաստերի վրա հիմնված երկխոսության»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ: