«Հայոց արծիվներ» հասարակական կազմակերպության Արմավիրի մարզային կառույցի ղեկավար Դավիթ Կիրակոսյանը երկու շաբաթ առաջ կալանավորվել է մաքսանենգ ճանապարհով (ծանրոցով) Հայաստան թմրանյութ ներկրլու մեղադրանքով: Հանցագործությունը բացահայտել են ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայության աշխատակցիները:

ՊԵԿ-ից թերթի թղթակցին հայտնել են, որ դեպքը տեղի է ունեցել մայիսի 2-ին, իսկ Կիրակոսյանը կալանավորվել է մայիսի 12-ին: «Արմավիրի «արծիվը» մեղադրվում է սուբոտեքս տեսակի թմրամիջոց պարունակող 210 հատ դեղահաբ ներկրելու մեջ, որը նրան ուղարկվել է ծանրոցով` Ֆրանսիայից: Նշենք, որ «Հայոց արծիվներ»-ը ստեղծվել է 2010 թվականին, որի նախագահն է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերով փոխնախարար Խաչիկ Ասրյանը»,-հայտնում է  «ՀԺ»-ն:

Ասրյանը թերթի հետ զրույցում հաստատել է Կիրակոսյանի կալանավորման փաստը, սակայն ասել է, որ նա մեղադրվում է խուլիգանություն կատարելու մեջ: «Հա, ինչ-որ իրենց ընտանեկան վեճերի պահերով: Ես այդքանը գիտեմ: երկու ամիս նախնական կալանք է: Հորաքրոջ տղու հետ անձնական վեճերի հետ կապված է եղել»: Ինչ վերաբերում է մաքսանենգությանը ու թմրամիջոցներին, ապա Ասրյանը ասել է, որ չի հավատում, որ Կիրակոսյանը նման բան արած կլինի: «Չեմ կարծում, որ այդպիսի բան լինի եւ ես տեղյակ չլինեմ, անձամբ ես բացառում եմ, որ դրա հետ կապված լինի»,-ասել է Ասրյանն ու հավելել, թե սպասում են նախաքննությանը: «Եթե նախաքննությունը ցույց տա, որ ինքը ինչ-որ հարցում մեղավոր է, իրա պատասխանատուի պաշտոնից միանշանակ հեռացվելու է եւ այստեղ նոր պատասխանատու է նշանակվելու: Բայց կարող է նախաքննությունը ցույց տա, որ ինքը կապ չունի»: