Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում մայիսի 24-ին Երեւանում տեղի ունեցած վթարի հետ կապված:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մայիսի 24-ին ժամը 15:00-ի սահմաններում Բեկնազարյան փողոցի թիվ 5 հասցեում գտնվող թիվ 189 միջնակարդ դպրոցի բակում «Լիբհեր» մակնիշի 0486 ԷյջՕ համարանիշի   ավտոկռունկի ընթացքի ժամանակ, դեռեւս չպարզված հանգամանքներում, փլուզվել է դպրոցի հարակից ստոգետնյա օժանդակ կառույցի երկաթբետոնե ծածկը, որի հետեւանքով ավտոկռունկը շրջվել է` հայտնվելով առաջացած փոսի մեջ:

Ավտոկռունկի վարորդ` 47-ամյա Ավետիս Նազարյանը, ով աշխատում է ԼՂՀ-ում գրանցված «Յորոժնիկ» ՍՊԸ-ում որպես վարորդ, (նա բնակվում է Շիրակի մարզի Ախուրի գյուղում),  ստացել էր մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն:

Նշված հասցեում քննչական աշխատանքները ղեկավարել է ՃՏՀ քննության բաժնի քննիչ Դավիթ Մարտիրոսյանը:

Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի