Մայիսի 25-ին Ազգային ժողովը պետք է քննարկի Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին նախագահի առաջարկը: Սպասվում է, որ փաստաթղթի ընդունման արդյունքում ազատ կարձակվեն Հայ ազգային կոնգրեսի մի քանի ակտիվիստներ, որոնք ազատազրկված են 2008 թվականի հետընտրական ողբերգական իրադարձություններից հետո:

Իշխող կոալիցիայում բաց խոսում են, որ նման հեռանկարը հնարավոր է դարձել արմատական ընդդիմության հետ արդեն ընթացող երկխոսության արդյունքում:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ իշխանությունների յուրաքանչյուր քայլի նպատակը երկրի կյանքի բոլոր ոլորտներում հանգիստ, կայուն եւ խաղաղ մթնոլորտի հաստատումն է:

«Մենք երկխոսության ենք գնում ոչ միայն ՀԱԿ-ի, այլև բոլոր քաղաքական ուժերի հետ: Խորհրդարանում մենք նույնպես շատ արդյունավետ համագործակցում ենք տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Այդ ամենն ընթանում է ազնիվ մրցակցության շրջանակում: ՀՀԿ-ն նույնը ակնկալում է արտախորհրդարանական ուժերից եւ տվյալ գործընթացը քաղաքական զարգացման եւ երկրի զարգացման հիմքն է», - նշեց իշխող կուսակցության պաշտոնական ներկայացուցիչը:

Շարմազանովի խոսքով, համաներում հայտարարելու նախագահի նախաձեռնությունը Հայաստանի քաղաքական դաշտը լիցքաթափելու հերթական հաջող քայլն է:

Ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրեսում դժկամորեն են ընդունում իշխանությունների հետ գոնե հեռակա երկխոսություն սկսելու փաստը: Լեւոն Տեր-Պետրոսյանի ամենահավատարիմ համախոհներից մեկի` Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության նախագահ Լյուդմիլա Սարգսյանի կարծիքով, ներկա իշխանությունները համաներման են գնում ընդդիմության հետ երկխոսության հնարավորություն ստեղծելու համար կամ էլ հասկանում են, որ այլ կերպ հնարավոր չէ քիչ թե շատ կայունացնել իրավիճակը:

Սակայն Սարգսյանը նշում է, որ տվյալ պահին իշխանությունների եւ ընդդիմության միջեւ երկխոսություն չկա: Պարզապես, «Հայ ազգային կոնգրեսի օգնությամբ հասարակությունը հնչեցրել է իր պահանջներն իշխանություններին»: Այնուհետեւ Լյուդմիլա Սարգսյանը  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պնդեց, որ իշխանությունների հետ ՀԱԿ-ի երկխոսության թեման  մնում է «ազնիվ, բաց, թափանցիկ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները, որոնց արդյունքում իշխանությունը կդառնա լեգիտիմ»:

 Խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունում վստահ են, որ իշխանությունները սկսեցին լուծել արտախորհրդարանական ընդդիմության բարձրացրած խնդիրները միայն այն ժամանակ, երբ այդ նույն ընդդիմությունն ընդունեց իշխանությունների թելադրած խաղի կանոնները: «Ժառանգության» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը NEWS.am-ի թղաթկցի հետ զրույցում որպես դրա օրինակ բերեց Երեւանի Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու ՀԱԿ-ի պահանջը: Սաֆարյանը մատնացույց է անում իշխանական շրջանակի մի շարք ներկայացուցիչների հայտարարությունները, թե «հրապարակն ազատ է միայն կոռեկտ հանրահավաքների համար»: «Դա խաղի որոշակի կանոն է, որը ՀԱԿ-ն ընդունել է», - ասում է «Ժառանգության» խորհրդարանական խմբակցության ղեկավարը: Միեւնույն ժամանակ Ստեփան Սաֆարյանը դժվարացավ ասել, թե ինչ կլինի, երբ իշխանությունները կատարեն ընդդիմության երեք հիմնական պահանջները` քաղբանտարկյալների ազատ արձակումը, Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու իրավունքի ապահովումը եւ մարտի 1-ի իրադարձությունների հետաքննության անցկացումը: «Կրկնում են, միանշանակ գնահատական այստեղ չի կարող լինել: Դա հայտնի է միայն իրենց», - ավարտեց Սաֆարյանը:

 Նշենք, որ երկու հիմնական հակամարտող ճամբարների հայտարարությունների տոնայնությունը բացատրելի է: Իշխող ՀՀԿ-ն գործում է թելադրողի դիրքերից: Տեր-Պետրոսյանի կողմնակիցների սպասվող ազատությունը եւ արդեն Ազատության հրապարակում արտոնված զանգվածային միջոցառումների անցկացումը թույլ են տալիս իշխանություններին ավելի վստահ խոսել ժողովրդավարության սկզբունքներին հավատարիմ լինելու մասին: Հենց այդ պատճառով իշխող կոալիցիայի ներկայացուցիչները ավելի բաց են խոսում ընդդիմության հետ երկխոսության մասին:

Իսկ Հայ Ազգային Կոնգրեսն ավելի բարդ իրավիճակում է: Իր մի շարք պահանջների կատարումը ՀԱԿ-ը փորձում է ներկայացնել որպես հանրահավաքային շարժման հաղթանակ: Թեեւ ակնհայտ է, որ իշխանությունները ոչ մի զիջման չէին գնում ընդդիմության ավելի բազմամարդ գործողությունների ժամանակ: Հետեւաբար հնարավոր չէ ժխտել, որ նախագահը որոշել է լիցքաթափել 2008-ի ողբերգական իրադարձություններից հետո երկրում ծագած ներքաղաքական ճգնաժամը:

Մի շարք փորձագետների կարծիքով, Լեւոն Տեր-Պետրոսյանի համար այժմ չափազանց բարդ է իր ամենածայրահեղ տրամադրված կողմնակիցներին բացատրել իշխանությունների հասցեին արվող հայտարարությունների տոնայնության փոփոխությունը: Առավել ծանրակշիռ հաղթաթուղթը Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ սահմանազատման խորացումն է դառնում:

 Այսօր շատերն են մատնացույց անում Ազատության հրապարկում անարգել արտոնված հանրահավաք անցկացնելը, Տեր-Պետրոսյանի կողմնակիցների ազատ արձակումը, ներքաղաքական գործընթացների ավելի հավասարակշիռ լուսաբանումը Հանրային հեռուստատեսությամբ, երկրի ղեկավարի կողմից վիրավորական ձեւակերպումներով ընդդիմության դիրքորոշումը մեկնաբանելու պրակտիկայից հրաժարվելը: Այս ուղղությամբ ընթացող իրադարձությունների զարգացումը թույլ է տալիս մեղմացնել երկու հակադիր քաղաքական ճամբարների դիմակայությունը  և հետագա համագործակցության հիմքեր ստեղծում: Նման համագործակցության հետեւանքով քաղաքական փակուղիում չհայտնվելու վտանգը կարծես մտահոգում է առաջին հերթին ՀԱԿ-ի ղեկավարներին: