Ղրղզստանի մայրաքաղաքում Կառավարության տան մոտ ընթացող հանրահավաքի մասնակիցները պահանջել են նոր կառավարության կազմի փոփոխություն, իրադարձությունների վայրից հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ակցիայի մասնակիցները պնդում են կառավարության կազմի փոփոխությունը՝ նշելով, որ կառավարության մեջ պետք է մտնի քաղաքական գործիչների «մաքուր» սերունդը։ Հանրահավաքին մասնակցում են քաղաքական կուսակցությունների ավելի քան 100 ներկայացուցիչներ եւ կողմնակիցներ, որոնք հոկտեմբերի 4-ին երկրում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով չեն անցել օրենսդիր մարմին։ Ցուցարարները նաեւ հանդես են գալիս իշխանությունների լյուստրացիայի օգտին։
Նրանք ՏԱՍՍ-ի թղթակցին պարզաբանել են, որ չնայած բոլոր հավաքվածները ներկայացնում են միասնական ընդդիմադիր ուժին, մարդիկ վիճում են այն մասին, թե «կոնկրետ ով պետք է ղեկավարի երկիրը»։
Ղրղզստանի խորհրդարանը երեքշաբթի պաշտոնանկ էր արել երկրի վարչապետ Կուբատբեկ Բորոնովին եւ նրա կառավարությանը՝ վարչապետի պաշտոնակատար նշանակելով Սադիր Ժապարովին։
Երեքշաբթի լույս գիշերը հոկտեմբերի 4-ին անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո բարձրագույն օրենսդիր մարմին չանցած կուսակցությունների ներկայացուցիչները Բիշքեկում զանգվածային հուզումներ էին կազմակերպել։ Ցուցարարները գրավել էին խորհրդարանի, կառավարության, նախագահի աշխատակազմի, Գլխավոր դատախազության եւ մայրաքաղաքի քաղաքապետարանի շենքերը, ինչպես նաեւ մեկուսարանից ազատել էին երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին, նախկին վարչապետ Սապար Իսակովին եւ մի շարք քաղաքական գործիչների։
Ղրղզստանի նախագահ Սոորնբայ Ժեենբեկովը երեքշաբթի հանդես էր եկել երկրի քաղաքացիներին ուղղած ուղերձով, որում քաղաքական կուսակցությունների առաջնորդներին իրենց կողմնակիցներին հանդարտեցնելու կոչ էր արել։





























