Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ճանապարհային ոստիկանության տեսուչների դեմ հարուցված քր.գործի նախաքննությունը՝ բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորությունները գերազանցելու համար:

Հայաստանի գլխավոր դատախազությունից NEWS.am_ին հայտնում են, որ նախաքննությամբ պարզվել է, թե ճանապարհային ոստիկանության 2-րդ գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչներ՝ ոստիկանության կրտսեր լեյտենանտներ Ա.Ավագյանն ու Ա.Մելքոնյանը, իրականացնելով իրենց ծառայողական պարտականությունները, ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում թույլ տալու համար Սեւան-Գավառ ավտոճանապարհին կանգնեցրել են Վ. Օհանյանին պատկանող ԶԻԼ-130 մակնիշի բեռնատար ավտոմեքենան, ապա բեռնատարի կցորդիչն անջատելու հարցի շուրջ անհիմն վիճաբանության մեջ են մտել վերջինիս ազգական՝ Գեղարքունիք մարզի Կարմիր գյուղի բնակիչ Ս. Մկրտչյանի հետ:

Այդ ընթացքում լեյտենանտ Ա.Ավագյանը, ակնհայտորեն դուրս գալով «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքով սահմանված իր լիազորությունների շրջանակից, հայհոյել է Ս. Մկրտչյանին եւ բռունցքով հարվածել նրա գլխին:

Տեսնելով առաջացած քաշքշուկը՝' տեսուչ Ա. Մելքոնյանը միացել է Ա. Ավագյանին եւ նրա հետ ծեծի ենթարկել Ս. Մկրտչյանին՝ վերջինիս պատճառելով մարմնական վնասվածքներ՝ դեմքի, կրծքավանդակի, սրունք-թաթային եւ գագաթային շրջաններում:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 2-րդ գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչներ, ոստիկանության կրտսեր լեյտենանտներ Ա. Ավագյանին ու Ա. Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը՝ զուգորդված բռնությամբ:

Քրեական գործն ուղարկվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար: