Միացյալ Նահանգների Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածուն պոպուլյարությամբ 16 տոկոսային կետով առաջ է իր մրցակցից` ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփից: Այս մասին են վկայում CNN հեռուստաընկերության խնդրանքով SSRS ծառայության կողմից անցկացված հասարակական կարծիքի հարցման հրապարակված արդյունքները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ըստ այս հետազոտության` հարցվածների 57 տոկոսը պատրաստ է քվեարկել Բայդենի օգտին, եթե ԱՄՆ համընդհանուր ընտրություններն անցկացվեին հիմա: Հարցվածների 41 տոկոսը կքվեարկի պետության գործող ղեկավարի օգտին: Տարբերությունը 16 տոկոսային կետ է` հօգուտ դեմոկրատի: Հարցվածների շուրջ 2 տոկոսը նշել է, որ չի սատարելու ոչ մի քաղաքական գործչի:
Նախորդ հարցումն անցկացվել էր օգոստոսի կեսերին: Այնուհետեւ Բայդենն աջակցության ցուցանիշով 8 միավորով առաջ էր Թրամփից: Հարցումների մեծ մասը վկայում է նախագահի դեմոկրատ թեկնածուի առաջնորդության մասին: Ըստ տարբեր գնահատականների` Բայդենն առաջ է անցնում 2-ից 16 տոկոսային կետով:
Հարցումն ԱՄՆ 1205 մեծահասակի շրջանում անցկացվել էր հոկտեմբերի 1-ից 4-ը:





























