Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնի հանձնած կորոնավիրուսի ախտորոշման առաջին թեստի արդյունքները բացասական են. նա կորոնավիրուսով էր վարակվել սեպտեմբերի սկզբին: Ինչպես չորեքշաբթի հաղորդել է ANSA գործակալությունը, եթե երկրորդ թեստի արդյունքները նույնպես բացասական լինեն, քաղաքական գործիչը կկարողանա մասնակցել իր կրտսեր որդու` Լուիջիի հարսանեկան արարողությանը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

32-ամյա Լուիջին նույնպես կորոնավիրուս է տարել: Առաջիկա օրերին նա պետք է ամուսնանա իր հարսնացուի` Ֆեդերիկա Ֆումագալիի հետ: Գործակալության տվյալներով` արարողությունը կլինի նեղ ընտանեկան` Միլանի եկեղեցիներից մեկում: Հաղորդվում է, որ հարսանիքը նախատեսվում էր ամռանը, սակայն  հետաձգվել էր համավարակի պատճառով:

«Առաջ, Իտալիա» կուսակցության հավեժ ​​առաջնորդ, այժմ Եվրախորհրդարանի պատգամավոր Բեռլուսկոնին կորոնավիրուսի ախտորոշման թեստը դրական արդյունքից հետո սեպտեմբերի 29-ին իր 84-ամյակը նշել էր մեկուսացման պայմաններում: Նրա մյուս երեխաները նույնպես վարակվել էին կորոնավիրուսով. Բարբարան, Վերոնիկան, ինչպես նաեւ Մարինան: ԶԼՄ-ների հաղորդմամբ` նրանք բոլորն առողջ են:

Բեռլուսկոնիի մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել սեպտեմբերի 2-ին, ինչից հետո նա հոսպիտալացվել էր վաղ երկկողմանի թոքաբորբով: Սեպտեմբերի 14-ին քաղաքական գործիչը դուրս էր գրվել: Ինքը` Բեռլուսկոնին, խոստովանել էր, որ ինչ-որ պահի իրեն շատ վատ է զգացել եւ վախեցել է իր կյանքի համար: Նա հիվանդությունը «դժոխային» էր անվանել: