Թուրքական Haberturk-ի գլխավոր խմբագիր Ֆաթիհ Ալթայլը գրել է, թե վերջին շրջանում «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար կազմի սեռական արկածները գաղտնի նկարահանել է օտարերկրյա հատուկ ծառայությունների համար աշխատող թուրք գործակալը։
Haberturk-ի խմբագիրն այս տեղեկությունը գրելիս վկայակոչել է նաեւ իր թղթակիցներից Հիլալ Օզթուրքի հրապարակումը, որտեղ նշվել է, թե «Ազգայնական շարժում» կուսակցության փաստաբաններից Սուլեյման Այհանը եւս այդ փաստը հաստատել է։
Թուրք իրավաբանը հաստատել է այդ տեղեկությունը, սակայն խնդրել իր անունից չգրել այդ լուրը։ Ավելի ուշ Այհանը մտքափոխվել է՝ ասելով, թե կարող եք գրել։ «Մեկ հոգու անուն արդեն հայտնի է, սակայն վտանգ կա, որ նա կփախչի, ուստի նրա անունը գաղտնի է պահվում։ Այդ գործն անողներն օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից Թուրքիա գործուղված ազգությամբ թուրքեր են։ Այդ ամենը ճիշտ է»,-ասել է Սուլեյման Այհանը։
Նշենք, որ վերջին շրջանում Թուրքիայի քաղաքական եւ հասարակական օրակարգում էին հայտնվել «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար կազմի սեռական կապերի մասին գաղտնի տեսագրությունները, որոնք հայտնվել էին ինտերնետում։
«Տարբեր իդեալիստներ» անունը կրող ազգայնական խմբավորման կայքը պահանջել էր «Ազգայնական շարժում» կուսակցության մի շարք անդամների հրաժարականը, սակայն մերժում ստանալով հրապարակել էր նրանց մի մասի գաղտնի նկարահանած սեռական տեսագրությունները, որից հետո մեկ օրում 6 կուսակցական հրաժարական տվեցին։




























