Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) կողմից սուրճի ապրանքային շուկայում կատարված ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ են եկել որոշակի չարաշահումներ:
Հանձնաժողովից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես, բացահայտվել է, որ լուծվող սուրճի շուկայում գերիշխող դիրք ունեցող «Մոկոնաթ» ընկերության կողմից առկա են օրենքի պահանջների խախտումներ: Այս ընկերության մասնաբաժինը լուծվող սուրճի շուկայում կազմում է 48,1 տոկոս:
Վերոնշյալի հիման վրա, այսօր՝ մայիսի 25-ին, տեղի ունեցած ՀՀ ՏՄՊՊՀ նիստում որոշվել է վարույթ հարուցել «Մոկոնաթ» ընկերության նկատմամբ: Վարույթի ընթացքում Հանձնաժողովը տնտեսվարողից կպահանջի բացատրություններ՝ հայտնաբերված օրենսդրական խախտումների առնչությամբ: Վարույթի արդյունքները սահմանված ժամկետում կներկայացվեն հանրությանը:
Տեղեկացնենք նաեւ, որ «Մոկոնաթ» ընկերությունը խոշոր մասաբաժիններ ունի նաեւ «Սառեցրած ձկներ», «Ներկրվող սառեցված միս» եւ «Բրինձ» ապրանքային շուկաներում:




























