Հայաստանի Արդարադատության նախարարության նոտարիատի բաժնի նախկին պետ Մարիամ Գաբոյանը կապ չունի ԱՄՆ-ում բացահայտված հայկական հանցավոր խմբի ներկայացուցիչ հայտնի «օրենքով գող» Պզոյի` Արմեն Ղազարյանի հետ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ մայիսի 25-ին հայտարարեց ինքը` Գաբոյանը:

«Ես ընդհանրապես նոտար չեմ, ով որ իմ մասին թերթերում գրում է, թե ես գլխավոր նոտար եմ` սխալվում է: Ես նոտարական գործունեություն չեմ իրականացնում: Ես 32 տարի աշխատել եմ նոտարներին ստուգող: Երբեք կնիք չեմ ունեցել, գործարքներ չեմ իրականացրել, նույնիսկ քաղաքացու ստորագրության իսկությունը հաստատելու իրավունք չունեմ: Հետեւապես, ես որեւէ քաղաքացի, կուզի` դատախազ լինի, կուզի ՀՀ քաղաքացի կամ ԱՄՆ քաղաքացի լինի, չի կարող ինձ մոտենալ եւ խնդրել, որ գործարք կատարեմ իր համար»,-հայտարարեց Գաբոյանը: Նա նշեց, որ իր առաքելությունն ընդամենը կատարված գործարքը ստուգելն է:

Ինչ վերաբերում է կոնկրետ «Պզոյի» հետ կապված գործին, ապա Գաբոյանն ասաց, որ այդ մասին մամուլի հրապարակումներում նշված են այն բարձրաստիճան անձանց անունները, ովքեր առնչություն են ունեցել նրա հետ:Նա նշեց, որ հոդվածներում նշված է եղել, թե իբր ԱՄՆ-ի դաշնային մարմիները կարող են «Պզոյի» կատարած գործարքների կապակցությամբ ստուգումներ իրականացնել նոտարական մարմիններում:

«ԱՄՆ-ի համապատասպան մարմինները ի՞նչ պիտի ստուգեին. պիտի ճշտեին, «Պզե» կամ «Պզո» կոչեցյալը եղե՞լ է նոտարական գրասենյակում, գույք գնե՞լ է, որքա՞ն գումար է վճարել դրա դիմաց: Այսինքն, նրանք պետք է պարզեին` ԱՄՆ-ում նրա կողմից յուրացված 163 միլիոն դոլարը որտե՞ղ է  ներդրել»,-նկատեց Գաբոյանը: Նրա խոսքով` ԱՄՆ պատկան մարմինները նոտարական մարմիններ ընդհանրապես չեն մտել եւ հայտնի չէ` «Պզոն» Հայաստանում ընդհանրապես գույք գնե՞լ է, թե՞ ոչ:

Գաբոյանի խոսքով` երբ «Պզոյի» նման հարուստ մարդիկ 50 միլիոն դրամն անցնող գույք են գնում, «Ահաբեկչության եւ փողերի լվացման դեմ պայքարի մասին» օրենքի համաձայն նոտարը, ինչպես նաեւ պետռեգիստրը այդ մասին պարտավոր է հայտնել Կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնին: «Եւ հետեւաբար, ԱՄՆ ֆեդերալ բյուրոյի ներկայացուցիչները ըսկի լայեղ էլ չէին անի գալ նոտարական գրասենյակներում նման հարցերը ստուգել, քանի որ էդ բաները ստուգվում են ԿԲ-ի նշված բաժնում:  Հետեւաբար` ի՞նչ կապ ունի այստեղ Գաբոյանը կամ նոտարները»,-հավաստիացրեց նախկին պաշտոնյան: Նրա խոսքով` նոտարի պարտականությունը ընդամենը գործարք կնքելն է, այլ ոչ թե ստուգելը, թե տվյալ մարդու ճակատին «Պզո՞» է գրված, թե՞ մեկ այլ բան:  

Նշենք, որ Արդարադատության նախարարության համակարգում իրականացվող կառուցվածքային բարեփոխումների արդյունքում նախարարության նոտարական բաժինը վերակազմակերպվել է, ինչի արդյունքում Մարիամ Գաբոյանը եւ նրա ղեկավարած բաժնի մի քանի աշխատակիցներ ուղարկվել են քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվ: