Եթե իշխանություններն իրենց ներկայացված կոշտ պայմանների պարագայում պատրաստ են երկխոսել Հայ ազգային կոնգրեսի հետ, ապա ՀԱԿ-ը եւս պատրաստ է երկխոսել, ընդ որում, երկխոսության թեման լինելու է իշխանությունն անցնցում, հանգիստ եւ առանց կորուստների հանձնելու գործընթացը։ Մայիսի 25-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը։
«Մենք երկխոսության պատրաստ ենք այս թեմայով։ Գոնե մեր կողմից հստակ է ինչ ենք ուզում եւ ինչպես ենք ուզում, իսկ իշխանության հանձնման ժամկետներն ու ձեւը կքննարկվեն ավելի ուշ»,- ասաց նա։
Դիտարկմանը, թե ստացվում է, որ իշխանությունը երկխոսության պետք է գնա իր իսկ հրաժարականի օրակարգո՞վ, Արամ Մանուկյանը վստահաբար պատասխանեց. «Իհարկե կգնա, ընդ որում, իշխանությունը փափուկ հանձնելը նախեւառաջ օգտակար է Հայաստանի, հետո միայն՝ ընդդիմության եւ իշխանության համար։ Խոհեմությունը շատ լավ բան է, որն ապահովում է նաեւ իշխանությունների ապագան, մի կարծեք, որ իշխանությունը հանձնելով՝ նրանք միայն կորուստներ են ունենալու»,- ընդգծեց ՀՀՇ վարչության նախագահը՝ միաժամանակ ավելացնելով, որ իշխանություններն իրենց կամքով չէ, որ գնացել են զիջումների, այլ այդպես վարվել են ժողովրդի ու ընդդիմության ճնշումների, գրագետ պայքարի արդյունքում, քանի որ մանեւրելու տեղ այլեւս չունեն։
Մանուկյանի խոսքով, իշխանությունը հանձնելու միջոցը մեկն է՝ արտահերթ համապետական ընտրություններ, ընդ որոմ, նախ՝ նախագահական, իսկ հետո նաեւ խորհրդարանական։ «Ի՞նչ մի դժվար բան է։ Կամք գտնելն է դժվար։ Ուղղակի սպիտակ թղթի վրա գրվում է պարզ երկու բառ՝ «հրաժարական» եւ ստորագրություն»,- ասաց Մաուկյանը։
Հարցին, թե ի՞նչ կերպ կմեկնաբանի մամուլում շրջանառվող լուրերը, ըստ որոնց ՀԱԿ-ը խորհրդարանում տեղեր զբաղեցնելու հարցով գործարքների մեջ է իշխանության հետ, ՀՀՇ վարչության նախագահն ասաց. «Պատգամավորական 40-50 կոճակների համար ՀԱԿ-ն իշխանությունների հետ «բազարի» չի գնա, որովհետեւ ազատ եւ արդար ընտրությունների պարագայում նվազագույնը, ինչ կարող է, խորհրդարանում մեծամասնությունը զբաղեցնել է»։
Ամփոփելով՝ Արամ Մանուկյանը տեղեկացրեց, որ ՀԱԿ-ի հետագա քայլերի եւ օրակարգի մասին իրենք կհայտարարեն մայիսի 31-ին կայանալիք հերթական հանրահավքի ժամանակ։
Նշենք, որ ՀԱԿ-ի հաջորդ հանրահավաքն Ազատության հրապարակում նախանշված է մայիսի31-ին։ ՀԱԿ-ը հույս ունի, որ այդ հանրահավաքին կմասնակցեն նաեւ քաղբանտարկյալներ Սասւն Միքայելյանն ու Նիկոլ Փաշինյանը;



























