ԵՄ-ն պետք է դիմակայի Ռուսաստանին, երբ այն խախտում է միջազգային նորմերը, ասել են Ֆրանսիայի եւ Գերմանիայի արտաքին գործերի նախարարները` հավելելով, որ ռուս քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնու «թունավորման» հետ կապված պատժամիջոցներ կիրառելու որոշումը վերջ չի դնելու երկխոսությանը, հաղորդում է Reuters-ը:

Ֆրանսիան եւ Գերմանիան հայտարարել են, որ կառաջարկեն ԵՄ-ին պատժամիջոցներ կիրառել ՌԴ քաղաքացիների նկատմամբ այն բանից հետո, երբ Մոսկվան «հավաստի պատասխաններ չտվեց Նավալնու դեմ նյարդապարալիտիկ գործակալի օգտագործման կապակցությամբ»:

«Երկխոսությունն արդարացում չէ ժամանակ ձգելու համար: Մենք պետք է շատ հստակ լինենք. Ռուսաստանի հետ երկխոսությունը նրան ծառայություն մատուցել  չի նշանակում»,- ասել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը: «Դա չի նշանակում հրաժարվել խաղաղ մայրցամաք կառուցելու մեր հավակնություններից: Հակառակը, դա նշանակում է պաշտպանել այդ հավակնությունները` ամուր լինելու եւ անհրաժեշտության դեպքում կոշտ խաղի պատրաստվելու միջոցով»:

Ելույթ ունենալով նույն համաժողովին` նրա գերմանացի գործընկեր Հեյկո Մաասը պաշտպանել է այս պնդումները:

«Մենք պետք է կարողանանք կոշտ խաղալ, բայց միեւնույն ժամանակ չպետք է թույլ տանք, որպեսզի երկխոսությունը դադարի,- ասել է Մաասը:- Ռուսաստանը մեզ պետք է Սիրիայում, Լիբիայում, Ուկրաինայում հակամարտությունների լուծման համար»: