ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը ներկայումս բուժվում է կորոնավիրուսի դեմ, հրաժարվել է մասնակցել վիրտուալ բանավեճի իր մրցակից դեմոկրատ Ջո Բայդենի հետ, որը պետք է անցկացվի հաջորդ շաբաթ։

Թրամփը Fox Business-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ նման պայմանավորվածությունը «մեզ համար անընդունելի» է։ Նա բանավեճերի մոդերատորներին մեղադրել է Ջո Բայդենին պաշտպանելու փորձի մեջ։

Նախագահական բանավեճերի հարցերով հանձնաժողովը հայտարարել է, որ Թրամփի եւ Բայդենի միջեւ երկրորդ բանավեճը կկայանա վիրտուալ ձեւաչափով այն պատճառով, որ նախագահը հիվանդ է COVID-19-ով։

Հանձնաժողովը նշել է «նախագահական երկրորդ բանավեճին մասնակցող բոլորի առողջությունն ու անվտանգությունը պաշտպանելու» անհրաժեշտությունը եւ հայտարարել, որ թեկնածուները «մասնակցելու են հեռու գտնվող տարբեր վայրերից», մինչդեռ մասնակիցներն ու մոդերատորը կմնան Մայամիում։