Լեռնային Ղարաբաղում հակամարտության զարգացումը կարող է հանգեցնել «կործանարար եւ հեռուն գնացող հետեւանքների»՝ Հայաստանի եւ Ադրբեջանի բանկային հատվածների համար, ասվում է Moody's վարկանշային գործակալության զեկույցում:
Տարածաշրջանում լարվածության աճը կնվազեցնի տնտեսական ակտիվությունը եւ սպառողների վստահությունը՝ եւ Հայաստանում, եւ Ադրբեջանում, ինչը կխոչընդոտի կորոնավիրուսի համավարակի հետեւանքներից երկու երկրների վերականգնմանը, ասում են վերլուծաբանները: Չնայած այս երկրներում բանկերը նորմալ աշխատում են, հակամարտության սրումը կարող է հանգեցնել դեպոզիտների արտահոսքի, իրացվելիության ռիսկի աճի եւ ազգային արժույթների թուլացման, զգուշացնում է Moody's-ը, հաղորդում է РБК-ն:
Միեւնույն ժամանակ, երկու երկրներում էլ 2020թ. առաջին կիսամյակում համավարակի ֆոնին, հաճախորդների դեպոզիտների ծավալի անկման միտում կար, եւ դրա արգելափակման համար ձեռնարկվել են միջոցառումներ:
Գործակալության տվյալներով՝ պարտավորությունների պատմական դինամիկան ցույց է տալիս, որ Ադրբեջանի բանկերում բնակչության ավանդները 2015-2017 թվականներին նվազել են 25%-ով՝ նավթի գների անկման եւ դոլարի նկատմամբ տեղական արժույթի 50% արժեզրկման հետեւանքով: Այս ժամանակահատվածում Հայաստանում ավանդների լայնածավալ արտահոսք չի եղել:
Դոլարային ավանդների հետ կանչումը կարող է հանգեցնել նրան, որ բանկերը կբախվեն արտարժույթի իրացվելիության պակասի` իրենց կարիքները հոգալու համար (արտարժույթով ավելի քան 50% ավանդներ Հայաստանում եւ Ադրբեջանում), գրում է Moody's-ը: «Կառավարության եւ Կենտրոնական բանկի արտարժույթի իրացվելիություն ապահովելու ունակությունը կախված է ոսկու եւ արտարժույթի պահուստներից, Ադրբեջանի համեմատ՝ Հայաստանի պահուստները համեստ են»,- ասվում է զեկույցում:
Վերջապես, դոլարիզացիայի բարձր մակարդակի պատճառով երկու երկրների բանկերը զգայուն են իրենց ազգային արժույթների թուլացման հարցում: Հետագա սրացումը կարող է ճնշում գործադրել դրամի եւ մանաթի փոխարժեքի վրա, ինչը կհանգեցնի ցանկացած բաց արտարժույթի դիրքի կորուստների եւ կնվազեցնի բանկերի շահութաբերությունը:
2020-ի հուլիսի դրությամբ Moody's-ը իրացվելիության պահուստները գնահատում է 34%՝ Հայաստանի բանկային ոլորտի բոլոր ակտիվներից, եւ 48%՝ Ադրբեջանում ոլորտային ակտիվներից: Բացի դրանից, կենտրոնական բանկերը կարող են աջակցություն ցուցաբերել ոլորտին:





























