Համաներումն իշխանությանների քայլն է, ինչ կուզեն՝ թող անեն, դա իրենց որոշելիքն է. ընդդիմությունը եւ քաղբանտարկյալներն այս հարցով ոչ ոքի չեն դիմել։ Մայիսի 25-ին լրագրողների հետ հանդիպմա ժամանակ այս մասին հիշեցրեց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը։
«Չպետք է շփոթել, համաներումն օրենք է հոդվածների վերաբերյալ, ներումը՝ անձնական դիմում է՝ ներում շնորհելու վերաբերյալ։ Իսկ ինչպես հայտնի է, որեւէ դիմում չի եղել։ Թյուրիմացություն է այն միտքը, որ սա որեւէ մեկի արարքի ճանաչում եւ ներում է։ Բայց մենք ողջունում ենք բոլոր այն ձեւերը, որոնցով իշխանությունը ժողովրդի ճնշման ներքո նախաձեռնում է քաղբանտարկյալներին ազատ արձակումը»,- նշեց Մանուկյանը։
Հարցին, թե ի՞նչ հետագա քայլեր է ձեռնարկելու ՀԱԿ-ը քաղբանտարկյալների ազատ արձակումից հետո եւ իշխանությունների հետ երկխոսելու ինչ օրակարգ է որդեգրելու այդ հարցի սպառված լինելու պարագայում, ՀՀՇ վարչության նախագահն ընդգծեց. «Եթե անգամ բոլոր քաղբանտարկյալներն ազատ արձակվեն, գործընթացը շարունակվելու է։ Մենք հետեւողական քայլեր ենք ձեռնարկելու, որպեսզի պատասխանատվության կանչվեն գործընթացի բոլոր մեղավորները»։
Ամփոփելով՝ Արամ Մանուկյանը տեղեկացրեց, որ քաղբանտարկյալների ազատ արձակման, հայաստանյան որոշ քաղաքական գործիչներին ԵՄ տարածք մուտքի արտոնագիր չտրամադրելու հարցերն իրենք քննարկել են նաեւ մայիսի 20-ի Գերմանիայի Դրեզդեն քաղաքում կայացած ԵԼԴԲԿ (եվրոպական լիբերալ-դեմոկրատների եւ բարեփոխումների կուսակցություն) խորհրդի նիստում։ «Նույն խնդրով նամակ ենք ուղղել նաեւ ԵԽ նախագահ Եժի Բուզեկին՝ խնդրելով քննարկել ԵՄ մուտքի արտոնագրի արգելման հարցն այն հայ պաշտոնյաների համար, ովքեր ներգարված են եղել քաղաքական շարժառիթներով իրականացվող արդարադատության համակարգի չարաշահմանը»։
Նշենք, որ այսօր՝ մայիսի 25-ին,ԱԺ-ում քննարկվում է շուրջ 400 բանտարկյալների համաներում շնորհելու հարցը, որի արդյունքում, ամենայն հավանականությամբ, ազատության մեջ կհայտնվեն քաղբանտարկյալները, այդ թվում Սասուն Միքայելյանն ու Նիկոլ Փաշինյանը։




























