2020 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր է ճանաչվել Պարենի համաշխարհային ծրագիրը (World Food Programme (WFP))` ՄԱԿ-ի մարդասիրական կազմակերպություն, որը սոված մարդկանց համար սնունդ է ապահովում ամբողջ աշխարհում: Համապատասխան որոշումը կայացվել է Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի կողմից, որի անդամներին նշանակում է Նորվեգիայի խորհրդարանը, փոխանցում է ՌԲԿ-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ առաջիկա ընտրություններում նրա մրցակից Ջո Բայդենի, ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնու եւ այլոց` Նոբելյան մրցանակի համար առաջադրման մասին:

Անցյալ տարի Խաղաղության Նոբելյան մրցանակ էր ստացել Եթովպիայի վարչապետ Աբի Ահմեդ Ալին` «խաղաղության եւ միջազգային համագործակցության հասնելուն ուղղված ջանքերի, մասնավորապես` հարեւան Էրիտրեայի հետ սահմանային հակամարտությունը լուծելու իր վճռական նախաձեռնության համար»:

2020-ին Նոբելյան մրցանակի չափը նախորդ տարվա համեմատ ավելացել է 1 միլիոն շվեդական կրոնով` կազմելով 10 միլիոն շվեդական կրոն (1.12 միլիոն դոլար):