ԱՄՆ-ը չի ցանկանում թույլ տալ դեպի Եվրոպա գազի մատակարարման հետ կապված խնդիրներ Լեռնային Ղարաբաղում կոնֆլիկտի պատճառով: Այս մասին հայտարարել է ԱՄՆ էներգետիկայի նախարար Դեն Բրույեթը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Օնլայն սեմինարի ժամանակ նրան հարցրել են, թե ինչ միջոցներ կձեռնարկի Վաշինգտոնը, որպեսզի եվրոպացիները չկանգնեն հնարավոր խնդիրների առջեւ՝ կապված կոնֆլիկտի պատճառով ադրբեջանական գազի մատակարարումների հետ:
«Մենք մտադիր ենք սերտորեն համագործակցել մեր գործընկերների հետ Արեւելյան Միջերկրական ծովում գազի հանքավայրերի մշակման գործում: Մենք մտածում ենք էներգետիկ անվտանգության եւ կայունության ապահովման համար: Ենթադրվում է, որ Արեւելամիջերկրածովյան գազամուղի (EastMed pipeline) կառուցումը թույլ կտա սկսել էներգակիրների մատակարարում իսրայելական Լեւիաֆան եւ կիպրական Աֆրոդիտա հանքավայրերից Կիպրոս եւ Կրետե կղզիների միջոցով դեպի Հունաստանի մայրցամաքային հատված, եւ, հնարավոր է, որ գազ հասցվի մինչեւ Իտալիա»,-ասել է նախարարը:
«Լեռնային Ղարաբաղում կոնֆլիկտը ժամանակի ընթացքում լուրջ վնաս կհասցնի տարածաշրջանին, եթե այն չլուծվի կարճ ժամկետում»,-հավելել է նա՝ այդ կապակցությամբ մտահոգություն հայտնելով:





























