Երեկ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 32-րդ գլխավոր կոնֆերանսին, որը նվիրված է առաջիկա երկու տարիներին կազմակերպության կողմից իրականացվելիք գործունեության հիմնական ուղղությունների քննարկմանը: Այստեղ Նալբանդյանը հանդես է եկել ծավալուն ելույթով, որում անդրադարձել է մշակութային ժառանգության պահպանման խնդրին: Նա իր խոսքում մասնավորապես ասել է. «Հրաշալի համագործակցություն կա Իրանի հետ, որն ըստ պատշաճի հոգում է իր տարածքում գտնվող հայկական հուշարձանների մասին։ Ասածիս ակնհայտ վկայությունն է Իրանի առաջարկով Սուրբ Թադեի վանքի ներառումը Համաշխարհային ժառանգության ցանկում: Այս դրական փորձը մեր մյուս հարևանների պարագայում չի նկատվում»:

«Ցավոք, Ադրբեջանի պարագայում հայկական ժառանգությունից ձերբազատվելուն ուղղված ջանքերը շարունակվում են անդադար, չնայած Հայաստանի կողմից հնչող մշտական ահազանգերին։ Տարիներ շարունակ տևած հուշարձանների ավերման ցավալի վկայությունն է Նախիջևանում Ջուղայի դարավոր գերեզմանոցի ոչնչացումը` իր 9-ից 16-րդ դարեր թվագրվող տասնյակ հազարավոր նրբատաշ, եզակի խաչքարերով, որոնք վկայում էին Ջուղայի վարպետների տաղանդի ու հմտության մասին։ 1998 և 2005 թվականներին պատերազմ չկար, երբ այս հսկա հուշարձանները տապալվեցին, լցվեցին վագոններն ու հեռացվեցին Ադրբեջանի կառավարության աչալուրջ հայացքի ներքո։ 2005-ին այս հսկայական մշակութային գոհարը բուլդոզերով հավասարեցվեց և վերածվեց ռազմական վարժարանի` կառավարության հրահանգով կատարվող գործողությունների արդյունքում։ Ինչպես ցավով նշվում է ԻԿՈՄՈՍ-ի 16-րդ գլխավոր ասամբլեայի բանաձևում. „այս ժառանգությունը, որ մի ժամանակ իր արժանի տեղն էր գրավում աշխարհի ժառանգության գանձերի շարքում, այլևս չի կարող փոխանցվել ապագա սերունդներին“»,- ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարը: Նա նաեւ նշել է, որ 1975-ին պատերազմ չկար, երբ 7-րդ դարի հայկական եկեղեցին լիովին քանդվեց Նախիջեւանի կենտրոնում ոչ այլ պատճառով, քան` հայերի հետքը ջնջելու համար, ովքեր զուտ տասնամյակներ առաջ մեծամասնությունն էին կազմում այնտեղ։

«Ի սկզբանե դատապարտելի համարվելով` որևէ ժողովրդի քաղաքակրթության ոչնչացումը անհամատեղելի է ու անթույլատրելի ցանկացած երկրի համար, որ հավակնում է այնպիսի միջազգային կազմակերպության անդամակցության, ինչպիսին ՅՈՒՆԵՍԿՕ-ն է։ Մենք իրապես հավատացած ենք, որ այս կազմակերպությունը` ՄԱԿ-ի կրթական, գիտության ու մշակույթի կազմակերպությունը կկարողանա դիմագրավել մշակութային իրավունքների անդադրում ոտնահարումներին և դրանով իր ներդրումը բերել միջմշակութային երկխոսության ու հանդուրժողականության ամրապնդմանն ամբողջ աշխարհում», – ասել է Նալբանդյանը: