Իսպանիայի հավաքականի առաջատար կիսապաշտպաններից մեկի՝ Չավի Էրնանդեսի, մասնակցությունը Հայաստանի ազգային հավաքականի դեմ 2010 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղին հարցականի տակ էր՝ ծնկի վնասվածքի պատճառով։ «Բարսելոն»-ի ֆուտբոլիստը նույնիսկ բաց է թողել թիմի երեկվա մարզումները։ Սակայն այսօր հայտնի է դարձել, որ Չեմպիոնների լիգայի անցյալ տարվա հաղթողը, ամենայն հավանականությամբ, կկարողանա դաշտ դուրս գալ։ Խաղացողը մարզասրահում մարզվել է անհատական ծրագրով։

Նշենք, որ թիմի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն կարող է փոխարինել իր կիսապաշտպանին։ Կարելի է ենթադրել, որ եթե Չավին լիովին չապաքինվի, ապա իսպանացիների մարզիչը ռիսկի չի դիմի, քանի որ Եվրոպայի չեմպիոններն արդեն լուծել են աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու խնդիրը։