Ստեփանակերտում աշխատանքներ են տարվում չպայթած արկերը հայտնաբերելու եւ ոչնչացնելու ուղղությամբ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական վարչության պետ Մեխակ Արզումանյանը:

Նա հիշեցրեց, որ մինչ այժմ հայտնաբերվել է ավելի քան 670 այդպիսի արկ:

«Այս աշխատանքների ընթացքում ոչ մի պատահար չի գրանցվել: Հանրապետության այլ բնակավայրերում ականազերծման աշխատանքները կսկսվեն ռազմական գործողությունների ավարտից հետո»,- նշեց վարչության պետը:

Արզումանյանը հիշեցրեց նաեւ, որ Արցախում ռազմական գործողությունների սկսվելուց հետո զոհվել է 25 քաղաքացիական անձ, վիրավորվել է ավելի քան 100-ը, վնասվել են ավելի քան 5800 տներ եւ հասարակական նշանակության շենքեր:

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության պետ Սասուն Սարուխանյանն իր հերթին հավելեց, որ Հայաստանի ԱԻՆ աշխատակիցների եւ կամավորների հետ համատեղ աշխատանքներ են տարվում ապաստարաններում գտնվող մարդկանց անհրաժեշտ ամեն ինչով ապահովելու համար: