Աֆղանստանի մայրաքաղաքի կենտրոնում, Քաբուլում Հնդկաստանի դեսպանատան հարեւանությամբ հոկտեմբերի 8-ի առավոտյան հզոր պայթյուն է որոտացել։ Ահաբեկչության հետեւանքով, ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, զոհվել է առնվազն 9 մարդ, եւս 45-ը վիրավորվել է։
Որոշ տվյալների համաձայն, Աֆղանստանի ՆԳՆ շենքի եւ Քաբուլում Հնդկաստանի դեսպանատան մոտ, որոնք տեղակայված են կողք-կողքի, պայթել է ականապատ ավտոմեքենան,- հաղորդում է Ինտերֆաքսը։
Հարվածային ալիքը քանդել է դեսպանատան կողքին գտնվող բազմաթիվ շենքեր, բեկորային վնասվածքներ են ստացել մոտակա խանութների շատ աշխատողներ։
Ինչպես «Նովոստի» գործակալությանը հայտնել է Քաբուլի ոստիկանության աղբյուրը, «պայթյունն այնքան հուժկու է եղել, որ ցնցվել են քաղաքի մյուս ծայրում գտնվող Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության տները»։



























