«Ժառանգություն» կուսակցությունը չի ընդունի քաղաքական պլատֆորմի ՀՅԴ-ի առաջարկը։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է «Ժառանգություն» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը։
«Պլատֆորմի դրույթները քննարկվելու են ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի եւ „Ժառանգության“ բանակցությունների ընթացքում, եւ եթե մեզ հաջողվի ստեղծել այնպիսի պլատֆորմ, որը կբավարարի երեք կողմին էլ, ապա հանձն կառնեք պլատֆորմի իրագործումը»,-ասել է Ստեփան Սաֆարյանը։ Նա նշեց, որ «ժառանգությունը» եւ « ՀԱԿ»-ը արդեն հրապարակել են իրենց պլատֆորմը եւ սպասում են Արցախում ներկայումս ընթացող Դաշնակցության համագումարի արդյունքներին։ Համաժողովի ընթացքում ՀՅԴ-ն ներկայացնելու է Հայաստանի առաջնահերթ խնդիրների վերաբերյալ իր տեսակետները։
Ստեփան Սաֆարյանը նաեւ անդրադարձավ հայ պատգամավորների այցելությանը Փարիզում կայացած «Ֆրանկոֆոնիայի» խորհրդարանական վեհաժողովին։ Խմբակցության անդամն ասաց, որ արդեն հոգնել է գուշակելուց թե որն է եղել պատճառը, որի համար Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը իրեն պատվիրակության կազմի մեջ չի ընդգրկել։
«ԱԺ նախագահն ասաց, որ ինձ համար տոմսեր գնված չեն եղել, քանի որ միջազգային ֆինանսական ճգնաժամի պատճառով խորհրդարանը չի կարող մեծ ծախսեր անել».-ասում է Ստեփան Սաֆարյանը՝ նշելով, որ ավստրիական մի համալսարան վեհաժողովից անմիջապես հետո նրան հրավիրել էր դասախոսություններ կարդալու եւ համաձայնել էր հոգալ նրա բոլոր, այդ թվում՝ տոմսի եւ Փարզում մնալու ծախսերը"



















