Քիչ առաջ NEWS.am-ի խմբագրություն էր զանգահարել Սոցապ պետական հիմնադրամի վճարման ծառայության ղեկավար Հովհաննես Գրիգորյանը եւ հերքել NEWS.am-ի հրապարակումներից մեկում վկայակոչած լուրն այն մասին, թե ինքը բացակայում է Հայաստանից եւ մեկնել է Գերմանիա: «Ես հիմա նստած եմ իմ բնակարանում` Երեւանում, որեւէ տեղ չեմ մեկնել, առավել եւս`Գերմանիա, որտեղ իմ 40 տարվա կյանքի ընթացքում ընդհանրապես չեմ եղել: Ձեզ հետ էլ խոսում եմ բնակարանիս քաղաքային հեռախոսով»,-հայտարարեց Գրիգորյանը:
Նա նաեւ արձագանքեց հրապարակման մեջ առկա մյուս տեղեկություններին: Անդրադառնալով նրան, որ ՀՀ Ֆինանսների նախարարության վերահսկողական վարչությունը խոշոր չարաշահումներ է հայտնաբերել Սոցիալական ապահովության պետական ծառայությունում, այդ թվում եւ իր ղեկավարած կառույցում, Գրիգորյանն ասաց. «Ես տեղյակ եմ, որ ֆինանսների նախարարության վերահսկողական վարչության համապատախան ակտը ուղարկվել է դատախազություն, հարուցվել է քրեական գործ: Ինձ դեռեւս չեն կանչել դատախազության: Երբ որ կկանչեն, կծանոթանամ ակտի հետ, այդ ժամանակ պատրաստ եմ տալ ցանկացած պարզաբանում»:
Ինչ վերաբերում է թոշակառուներից 200-ական դրամ գանձելու պրակտիկային, որի գաղափարախոսն, ըստ լուրերի, հենց ինքը` Գրիգորյանն է, ապա այս մասին վերջինս բավարարվեց միայն ասելով. «No comment! Օրը կգա, ես կտամ իմ պարզաբանումները»:
Նա նաեւ արձագանքեց NEWS.am-ի դիտարկմանը, թե հնարավոր է իրեն եւս մեղադրանք առաջադրվի: «Ռուսը մի լավ խոսք ունի`«давайте переживать по очереди»: Եկեք հարցին անդրադառնանք փուլ առ փուլ: Մեղադրանք կառաջադրվի`հայտարարություն կանենք, կբացատրվենք»: Նա նաեւ փաստեց, որ Ծառայությունում ընդգրկված են մի քանի տասնյակ պաշտոնյաներ: Մասնավորապես` գլխավոր ֆինանսիստ, գլխավոր հաշվապահ, սոցիալական ապահովման վարչության պետ, ծրագրավորման վարչության պետ, Ծառայության պետ Վազգեն Խաչիկյան, նրա երեք տեղակալները: «Ախր նրանց թողած` ընկել եք ստորաբաժանման ղեկավար Հովհաննես Գրիգորյանի հետեւից...»,-նկատեց Սոցապ պետական հիմնադրամի վճարման ծառայության ղեկավարը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Հայաստանի գլխավոր դատախազությունում Սոցիալական ապահովության պետական ծառայությունում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների առթիվ հարուցվել է քրեական գործ: Սույն գործով որեւէ պաշտոնատար անձի առայժմ մեղադրանք չի առաջադրվել:
ՀՀ ֆինանսների նախարարությունը Սոցիալական ծառայության 51 տարածքային կազմակերպությունում խախտումներ էր հայտնաբերել եւ մոտ 500 էջանոց հաշվետվություն էր ուղարկել դատախազություն: ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունն էլ, ուսումնասիրելով իրականացված ստուգումների հիման վրա նախապատրաստված նյութերը, պարզել էր, որ կենսաթոշակների նշանակման, վճարման եւ վերահսկողության ոլորտում լիազորություններ իրականացնող պաշտոնատար անձինք կեղծ փաստաթղթեր են կազմել, պետական բյուջեից դուրս են գրել եւ վճարել առանձնապես խոշոր չափերի` 113 181 900 դրամ գումար ու յուրացրել այն:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ եւ 314-րդ հոդվածի 1-ին մասերով:
NEWS.am-ը, հղում անելով տարբեր աղբյուրներից ստացված տեղեկություններին, հայտնել էր, որ «մեռած հոգիներին» թոշակներ նշանակելու գործում մեծ դերակատարություն է ունեցել նաեւ մի քանի ամիս առաջ լուծարված` Սոցապ պետական հիմնադրամի վճարման ծառայության ղեկավար Հովհաննես Գրիգորյանը: Ըստ որոշ տեղեկությունների, նա է կենսաթոշակ բաժանողների վրա` թոշակառուներից 200-ական դրամ գանձելու պլանի հեղինակը: Այդ գումարները մեջ-մեջ են արել ծառայության մի քանի պատասխանատու անձինք:




























