Հայաստանի Ազգային ժողովը քիչ առաջ ընդունել է երկրի նախագահ Սերժ Սարգսյանի` համաներում հայտարարելու առաջարկը:
Խորհրդարանում Համաներման մասին որոշումն ընդունվել է 91 «կողմ», 1 «ձեռնպահ» եւ 0 «դեմ» ձայների հարաբերակցությամբ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 25-ին ԱԺ-ում Համաներման խնդրի քննարկման ժամանակ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ամբիոնից հայտարարել է, թե այս համաներումը տարբերվում է նախորդ` 2009թ. հայտարարված համաներումից նրանով, որ համաներման ենթակա հանցագործությունների ցանկը մեծացել է: Բացի դրանից մինչեւ 10 տարի ազատազրկման ենթարկվածների նկատմամբ կկիրառվի պատժաչափի կրճատում:
Լրիվ կազատվի 396 դատապարտյալ, 379-ի նկատմամբ պատժի կիրառումը մասամբ կնվազի, նախնական կալանքի տակ գտնվողներից 153 մարդ կազատվի, 195-ի նկատմամբ մասամբ կկիրառվի: Ըստ այդմ, ենթադրվում է, որ ազատ կարձակվեն 2008-ի մարտի 1-ի գործով անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալները, այդ թվում, Նիկոլ Փաշինյանն ու Սասուն Միքայելյանը: Համաներումը 9-րդն է Հայաստանի երրորդ հանրապետության պատմության ընթացքում:




























