Համաներումը քաղաքական լարվածությունը թեթեւացնելու եւ հասարակական հարաբերությունները բարելավելու նպատակ ունի: Այս մասին այսօր` մայիսի 26-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ից Կարինե Աճեմյանը: Նրա խոսքով` համաներումը մարդասիրական շատ լուրջ քայլ է` հարիր քրիստոնյա մարդկանց։ «Ներում են ուժեղները, նրանք, ովքեր մեծահոգի են: Այն եւ իշխանության եւ ընդդիմության կողմից դրական է գնահատվում»,- ասաց Կարինե Աճեմյանը:

«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նշեց, որ համաներումը մեր իշխանությունների մարդասիրության մասին չի խոսում, սա գալիս է շատ վատ օրից: Համաներումը, ըստ նրա, հաղթանակ չէ, հաղթանակ կլիներ, եթե այդ մարդիկ երեք տարի չմնային կալանավորված, սա պետք էր անել, քանի որ երկրում պայթունավտանգ վիճակ է:  «Համաներումը ինչ-որ չափով կմեղմի իրավիճակը, բայց դա ոչ բոլոր խնդիրները կլուծի, քանի որ մեր դատական համակարգը չի գործում»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:

Կարինե Աճեմյանը Զարուհի Փոստանջյանին կոչ արեց մասնակցել ԱԺ-ում համաներման հարցի քվեարկությանը, ինչին ի պատասխան` «Ժառանգության» պատգամավորն ասաց. «Դուք նախաձեռնել եք Ձեր նախագահի հետ, դուք էլ կընդունեք»: Երկու բանախոսները միակարծիք էին, որ այդ քայլով քրեակատարողական հիմնարկներում վիճակը կթեթեւանա:

Հարցին, թե չեք կարծո՞ւմ, որ նախագահի համաներման առաջարկը հայտարարվեց ՀԱԿ-ի պահանջների շնորհիվ, Կ. Աճեմյանը պատասխանեց, որ գուցե համընկել է ՀԱԿ-ի պահանջների հետ, բայց այն հայտարարվել է ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ: «ՀԱԿ-ի խաթր չի կարող համաներում հայտարարվել»,- ասաց Հանրապետական պատգամավորը:  

Ինչ վերաբերում է Զարուհի Փոստանջյանի եղբոր` Տիգրան Փոստանջյանի գործին, ապա պատգամավորը հստակ չգիտի` կազդի՞ արդյոք համաներումն իր եղբոր վրա, սակայն հայտարարեց, որ իր եղբայրն արդեն մի քանի օր ապօրինի կալանքի տակ է գտնվում`համաձայն ԱԺ-ի`մայիսի 23-ին ընդունված «Քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի: