Մոսկվան ռազմական նոր հայեցակարգ է մշակում։ Ինչպես հայտնել է ՌԴ անվտանգության խորհրդի Նիկոլայ Պատրուշեւը, մինչեւ տարվա վերջ այն կներկայացվի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին։ Փաստաթղթում կհայտնվեն միջուկային կամ կանխարգելիչ հարվածներ հասցնելու հիմնավորումների վերաբերյալ նոր դրույթներ,- հաղորդում է «Նովոստի» գործակալությունը։

«Մեր ռազմական հայեցակարգը բաց կլինի, որպեսզի բոլորը ե՛ւ մեզ մոտ, ե՛ւ արտասահմանում իմանան, թե մենք անվտանգության ինչպիսի դրույթներ ենք մշակում»,- այս մասին Նիկոլայ Պատրուշեւը լրագրողներին է հայտարարել Նովոսիբիրսկում, որտեղ նա Անվտանգության խորհրդի արտագնա խորհրդակցություն է անցկացրել։ Նա նշել է, որ հայեցակարգն ըստ էության նոր մշակում չէ, այն հենվում է նախկինի դրույթների վրա։

Փաստաթուղթը բաղկացած է լինելու երկու մասից՝ բաց եւ գաղտնի։ Բաց մասում կվերապահվեն ռազմա-քաղաքական ասպեկտները, իսկ փակում՝ կհստակեցվեն բանակի ու նավատորմի, միջուկային զենքի իրավական կիրառման հարցերը։

Ըստ «Ինտերֆաքս»-ի, ներկայումս գործող ռազմական հայեցակարգը ընդունվել է 2000 թվականին։ Դրանում, մասնավորապես, ասվում է, որ Ռուսաստանն իրեն միջուկային զենք կիրառելու իրավունք է վերապահում՝ ի պատասխան միջուկային հարձակման կամ իր դեմ լայնամասշտաբ պատերազմի դեպքում։